oprativ.am-ը գրում է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այդ պաշտոնում ընտրվելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ առաջին որոշումներից մեկը կլինի այն, որ կնվազեցնեն հավաքականի խաղերի տոմսի գինը:«Առաջիկա մեր հավաքականի խաղը, որը կկայանա Վազգեն Սարգսյան մարզադաշտում, ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ և մնացածը նույն տրամաբանությամբ»,-ասաց նա:

ՀՖՖ նախագահը նշեց, որ ֆուտբոլի ներկայիս կազմի հետ հանդիպում ունեցել է մեկ անգամ, գնացել է Հայաստանի հավաքականի պարապմունքին, կարճ զրուցել, այլ հանդիպումներ չեն եղել:

«Ինչ վերաբերում է հավաքականում ընդգրկվող ֆուտբոլիստներին, ուզում եմ փակել այս թեման, ես որևէ կերպ չեմ միջամտելու հավաքականի հետ կապված որևէ հարցի»,- ասաց նա:

Արթուր Վանեցյանը նշեց, որ ինքը մարզիչներից պահանջելու է, որ ունենանք արդյունքներ: «Եթե մարզիչները որոշեն, որ այս կամ այն ֆուտբոլիստը պետք է խաղա և կապ չունի այս ֆուտբոլիստը նախկինում ֆեդերացիայից նեղացած է եղել, ընդգրկված է եղել կամ չի եղել, եթե իր պրոֆեսիոնալ հատկանիշները բավարարում են հավաքականում խաղալու, ուրեմն պետք է խաղա»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել