Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր լինելու մասին հայտարարությունները զուտ շահարկումներ են, նման բան չի եղել:

Այս մասին այսօր նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Տարբեր տեղերում կարծիք է հնչում, թե իբր Ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի փոխարեն ջուր է եղել, նման բան չի եղել: Բոլոր մեխանիկ-վարորդները հիմա զորացրված են, բանակում չեն, որ ինչ-որ տեղ կաշկանդված լինեն: Բոլորի տեղերը գիտեք, կարող եք հատ առ  հատ հարցնել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման դեպք երբևէ չի եղել, դա շահարկվում է չգիտեմ ում կողմից, նման բան երբևէ չի եղել»,- ասաց Լևոն Մնացականյանը:

Ինչ վերաբերում է շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտումներին, Լևոն Մնացականյանն ասաց, որ դրանց նպատակային պատասխան է տրվում:

Պաշտպանության բանակի հրամանատարի խոսքով՝ չկա որևէ դեպք, որին չարձագանքեն, սակայն լինում են նաև անտեղի կրակոցներ, որոնք մնում են անպատասխան:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Լևոն Մնացականյանն ասաց. «Ընդհանուր գնահատականով սահմանին իրավիճակը կայուն է, հանգիստ»: Իսկ զինանոցի թարմացմանն ու լրացման մասին Լևոն Մնացականյանն ասաց, որ սպառազինության, ռազմական տեխնիկայի վիճակը նորմալ է, տեսականին տարբեր է, և ունեն տարբեր գործողությունների ու խնդիրների լուծմանը համահունչ միջոցներ:

Պաշտպանության բանակի հրամանատարը նոր ձեռքբերվելիք զենք-զինամթերքի մասին հրաժարվեց խոսելուց. «Իհարկե, զինանոցը միշտ լրացվում է նոր տեսականիով»:

Զինծառայողների հագուստի, պարագաների և այլ հարցերի վերաբերյալ Լևոն Մնացականյանն ասաց, որ դրանք միշտ էլ իրենց ուշադրության կենտրոնում են և՛ նախկինում, և՛ ներկայում, դա այնպիսի ուղղություն է, որ միշտ պետք է կատարելագործվի: Նախարարը չբացառեց, որ լինում են նաև լինում տեղին բողոքներ. «Օրինակ՝ սննդի տեսականին ապրիլի 9-ից փոփոխության է ենթարկվել, արդեն ունենք չորս տեսակի սնունդ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել