ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին և ամերիկահայ անվանի բժիշկ, պրոդյուսեր, հասարակական գործիչ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին: Նրանք Հայաստան են ժամանել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորն ընդգծել է, որ խիստ տպավորված է Հայաստան իր առաջին այցից: Նշելով, որ մինչ այս Հայաստանին և հայ ժողովրդին ծանոթ է եղել ամերիկահայ համայնքի միջոցով, Ջին Բլոքն ասել է, որ Կալիֆոռնիայի համալսարանում ուսանում, դասավանդում և աշխատում են մեծ թվով հայեր:

Հանրապետության նախագահը կարևորել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության զարգացումն ու խորացումը, ինչը երիտասարդության համար կատարելագործվելու նոր հնարավորություններ է ստեղծում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել