2018թ. հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ընդունարանից գաղտնի կերպով հափշտակել է աշխատակիցներից մեկին պատկանող 7.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել են նաև բանկային քարտեր:

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը 2018թ. հունիսի 28-ին՝ ժամը 17:54-ին, Երևան քաղաքի Չարենցի փողոցում տեղակայված բանկոմատից կանխիկացրել է 62.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ 10.07.2018թ. Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել ՀՀ ՊՆ Երևանի ռազմական ոստիկանության բաժնից ստացված տեսագրությունները: Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

ՔԿ-ն խնդրում է տեսապատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել