Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Մերձավոր Արևելքում սեպտեմբերի 17-ին Սիրիայում ռուսական Ил-20 հետախուզական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո, որի պատասխանատվությունը ռուսական կողմը դրել էր Իսրայելի վրա:

Սեպտեմբերի 20-ի առավոտյան Ռուսաստանը հայտարարել է առայժմ 1 շաբաթով Սիրիայի օդային տարածքի մի զգալի հատվածը փակելու մասին՝ պատճառաբանելով Միջերկրական ծովի արևելյան ավազանում մասշտաբային զորավարժությունների անցկացման հանգամանքով: Այս իրողությունը բավական լուրջ ազդեցություն է ունեցել Իսրայելի ներքաղաքական դիսկուրսի վրա: ԶԼՄ-ները, տարբեր փորձագետներ կանխատեսում են Սիրիայի տարածքում Մոսկվայի կողմից իսրայելական գործողությունները խստորեն սահմանափակելու, ինչպես նաև զուգահեռաբար Իրանի գերակտիվանալու հնարավորությունը:

Այս տեսանկյունից իսրայելական կողմը լուրջ ջանքեր է գործադրում իրավիճակը մեղմելու նպատակով: Իսրայելի բարձրագույն իշխանության մի շարք ներկայացուցիչների նախաձեռնությամբ, ռուս գործընկերների հետ ունեցած հեռախոսազանգերից բացի, այսօր Մոսկվա է մեկնել իսրայելական ԶՈւ-ի բավական բարձրաստիճան պատվիրակություն ՌՕՈՒ հրամանատար գեներալ Ամիրամ Նորկինի գլխավորությամբ:

Ստեղծված իրավիճակը լավագույնս բնութագրել է Իսրայելի Ռազմական հետախուզության (AMAN) նախկին ղեկավար Ամոս Յալդինը՝ նշելով. «Սիրիայում իր հետագա գործողությունների հարցում Իսրայելը կբախվի մեծ սահմանափակումների, և ռուսները ձգտելու են խստացնել պայմանները՝ հետագայում նման սրացումներից խուսափելու համար»: Իսկ արդյունքում բավական շահեկան պայմաններում է հայտնվում Իրանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել