Մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկն ինձ թվում էր՝ ընտրությունների ելքը կանխորոշված է, և Հայկ Մարությանը 60-70 տոկոսից ավել ձայներ է հավաքելու` անկախ նրանից, թե ինչ կանի քարոզարշավին, բայց արդեն մեկնարկից պարզ դարձավ, որ դա խիստ թվացյալ պատկերացում էր, և բնավ այդքան տոկոսային աջակցություն չի ստանալու Նիկոլ Փաշինյանի թեկնածուն: Հատկապես նրանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ավագանու մրցավազքը վերածեց սեփական քաղաքական բենեֆիսի, արդեն իսկ պարզ էր, որ դրությունն ավելի վատ է իրենց համար, քան կարելի էր սպասել: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ Հայկ Մարությանը կհավաքի ամենաբարձր քվեները, բայց 50+1 ստանալը խիստ կանխորոշված համարելը, կարծում եմ, շփոթմունքի արդյունք է: 

Կարծում եմ, որ ԲՀԿ թեկնածուն գրեթե հավասար հնարավորություններ ունի Փաշինյանի թեկնածուի հետ միասին: «Լույս» դաշինքը ևս կկարողանա հաղթահարել անցողիկ շեմը, բայց կարծում եմ՝ մի կերպ է հաղթահարելու (7-8%): ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» ևս հնարավորություն ունեն մի կերպ հաղթահարելու կուսակցությունների համար նախատեսված նվազագույն` 5 %-ի արգելքը, բայց դա կախված է Մարությանի և Զոհրաբյանի հավաքած ձայների քանակից: Կարծում եմ, որ կա՛մ ավագանու ընտրությունների արդյունքներում ավագանի կանցնեն 3 ուժեր («Իմ քայլը», ԲՀԿ, «Լույս»), կամ կանցնեն 4 ուժեր («Իմ քայլը», ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն): 
Ընտրությունների ընթացքը, հուսանք, որ վերջին 25 տարիների համեմատ կլինի ամենաժողովրդավարականը:

Հ.Գ. Առավել քան վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները չեն հիմնավորելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել