Ողբերգության չընդհատվող հիշողությունը… Երեկ մեծ էկրան է բարձրացել ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի՝ 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» ֆիլմը: Հեղինակները դրամատիկ պատմության միջոցով ներկայացնում են մի ամբողջ ժողովրդի պատուհասած ողբերգությունն ու դժբախտության պահին աշխարհի՝ միավորվելու ու միմյանց ձեռք մեկնելու կամքը:  BlogNews.am-ը ներկա է եղել ֆիլմի փակ դիտմանը: Ներկայացնում ենք պրեմիերայի մանրամասներն ու հայտնի հյուրերին:

Ֆիլմ–ռեքվիեմում շեշտադրումն արված է մարդու անձնական ողբերգության վրա: 100 րոպե տևողությամբ կինոժապավենի հիմքում մի տղամարդու պատմություն է, ով, թողնելով կնոջն ու փոքրիկ դստերը, հեռացել է Հայաստանից, սակայն տեղեկանալով սարսափելի աղետի մասին՝ վերադառնում է հայրենիք՝ գտնելու իր տունը, ծնողներին, իր ընտանիքը…

«Սպիտակ» գեղարվեստական ֆիլմը նվիրված է երկրաշարժի 30-րդ տարելիցին: Ռեժիսորի խոսքով՝ սա կողմնակի հայացք է այն ժամանակվա իրադարձություններին. «Նկարահանումները տևել են գրեթե 30 օր: Նկարահանել ենք Մոսկվայում, Երևանում, Աշտարակում, Դիլիջանում: Ուսումնասիրել ենք 1988-ի ժամանակագրությունը, ծանոթացել ենք վավերագրությանը, հսկայական քանակով լուսանկարներ ենք դիտել` փորձելով վերարտադրել իրականությունը դեկորացիաների միջոցով»,- ասաց ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը։

_H2A6819
_H2A6857Ռեժիսորը շեշտում է՝ ֆիլմում շատ են սիմվոլիկաները, օրինակ՝ փոքրիկ Անուշի կերպարը, ով հավատում է հրաշքի գոյությանն ու ի վերջո այն իրականություն դարձնում. «Եթե մենք հավատում ենք, ուրեմն՝ հնարավոր է: Գլխավոր հերոսը` Գոռը, գնում է փնտրելու ընտանիքին, արդյունքում ընտանիքն է նրան գտնում: Հրաշքի մասին է այդ պատմությունը»,- նշում է Կոտտն ու հավելում, որ իրենք նպատակ չեն ունեցել ֆիլմի միջոցով արցունքներ առաջացնելու հանդիսատեսի մոտ, հակառակը՝ ապրելու, հույսով լցվելու իդեալ են ուզում տալ:

«Սպիտակի» գլխավոր դերկատարները հայ դերասաններ Հերմինե Ստեփանյանն ու Լեռնիկ Հարությունյանն են։ Ֆիլմն արդեն կարևոր տեղ է զբաղեցրել նրանց ստեղծագործական կյանքում։

Ընտանիքի հոր` Գոռի կերպարը մարմնավորած Լեռնիկ Հարությունյանն, անդրադառնալով իր հերոսին, ասաց, որ Գոռի մեջ մեծ պատերազմ կար, երբ նա կայացրել էր հայրենիքը լքելու որոշումը։ «Շնորհակալ եմ ռեժիսորին, որ շատ դիպուկ խնդիրներ էր տալիս, որոնք ինձ օգնում էին իրավիճակը հստակ պատկերացնել: Հավատացեք` շատ ջանք չեմ թափել այդ դերը կերտելու համար, քանի որ ռեժիսորական, նկարչական և մնացյալ բոլոր լուծումներն այնքան հստակ էին, որ խաղալու կարիք չկար. ես ինձ զգում էի այդ ողբերգության մեջ»,- խոստովանեց դերասանը:

_H2A6804_H2A6864Հերմինե Ստեփանյանն էլ նշեց, որ քասթինգի գնալիս յուրաքանչյուր արտիստ պետք է իմանա, թե ով է տվյալ ռեժիսորը: «Ի սկզբանե գիտեի, որ Ալեքսանդր Կոտտի ստեղծած ֆիլմը բարձր գեղագիտություն կունենա` համեմված հետաքրքիր խորհրդանիշներով: Իմ հերոսուհին՝ Գոհարը՝ որպես մայր, չէր կարող չհավատալ հրաշքին: Եթե չհավատար դրան, չէր հավատա, որ իր դուստրը կփրկվի: Եթե երեխան հրաշքին չհավատար, չէր փրկվի և չէր փրկի մորը: Հրաշքի գոյությունը ֆիլմում անհրաժեշտություն էր բոլոր հերոսների համար»,- ընդգծեց դերասանուհին:

Ֆիլմն առանձնահատուկ է նաև երաժշտական ձևավորման տեսանկյունից: Փշաքաղվելու աստիճան գեղեցիկ ու հուզիչ երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է: «Սպիտակը» շուտով կցուցադրվի նաև Ռուսաստանում և այլ երկրներում:

_H2A6868_H2A6870_H2A6861_H2A6867_H2A6812_H2A6871_H2A6850_H2A6859_H2A6818_H2A6815_H2A6862

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել