Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, ԳԴՀ ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան, Լուց-Միխաել Քրիստոֆ Լորենցենին (նստավայրը`ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումից առաջ տեղեկանալով, որ ՀՀ հյուսիսարևելյան սահմանին հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, պաշտպանության նախարարը այդ մասին տեղեկացրել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին, նշելով, որ ՀՀ զինված ուժերը արձագանքելու են համապատասխան գործողություններով:

Շնորհավորելով նորանշանակ ռազմական կցորդին` Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել, որ ՀՀ-ում հավատարմագրված ԳԴՀ ռազմական կցորդի գրասենյակը համալրվում է նոր, փորձառու սպաներով: ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ Գերմանիայի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում և իրականացվում է մի քանի ձևաչափով. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փորձի փոխանակում, ռազմական կրթություն, ինչպես նաև համատեղ մասնակցություն Աֆղանստանում իրականցվող ՆԱՏՕ-ական առաքելությանը:

Դեսպան Քիսլերը նույնպես բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը, նշելով, որ գերմանական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպման ավարտին դեսպան Քիսլերը ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայող, փոխգնդապետ Խաչատուր Սահակյանին «Բունդեսվերի ծառայությունների համար» մեդալ է հանձնել: Փոխգնդապետ Սահակյանը 2017 թվականին զբաղեցրել է «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության կազմում Քաբուլում առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հրամանատարի պաշտոնը և ԳԴՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է գերմանական ուժերի հետ արդյունավետ համագործակցության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել