ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը:

«Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը»,-ասված է մեկնաբանության մեջ։

Տիգրան Բալայանը նաև հիշեցրել է, որ այսօր ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհվել է ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանը։ «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին ու վստահեցնում, որ շարունակելու ենք վճռականորեն աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ։

Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը: 


Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա»,-եզրափակել է Տիգրան Բալայանը։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել