Մալխասյանց (Մալխասյան) Ստեփան (1587-1947), բանասեր, լեզվաբան, բառարանագիր ու թարգմանիչ: Բանասիրական գիտությունների թեկնածու (1942), Հայկական գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ (1943):

Ծնվել է Ռուսական կայսրության (ներկայումս՝ Վրաստանի) Ախալցխա քաղաքում: 1889 թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը: Հրատարակել է հին հայ պատմաբանների՝ Բուզանդի, Խորենացու, Սեբեոսի աշխատությունների լեզվաբանական ու տեքստային հետազոտություններ: 1944-1945 թթ. Մալխասյանցն ավարտեց իր քառահատոր «Հայերեն բացատրական բառարան» աշխատությունը, որը նմանը չունեցող բառարանային աշխատություն է:

Մալխասյանցին է պատկանում հայ բուժակ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» և Սիմեոն Երևանցու «Ջամբռ» գրքերի թարգմանությունները, ինչպես նաև Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքայի» ու «Մակբեթի»:

Մանուկ Աբեղյան (1865-1944), գրականագետ, լեզվաբան, բառարանագիր: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:

Ծնվել է Նախիջևանի Աստապատ գյուղի մոտակայքում գտնվող Թազաքենդ գյուղում: 1876-1885 թթ. ուսանել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1893-1895 թթ. շարունակել է ուսումը Լեյպցիգի ու Բեռլինի համալսարաններում, իսկ 1895-1897 թթ.՝ Փարիզի Սորբոնի համալսարանում:

1898 թ. ավարտել է Ենայի համալսարանը: Սեմինարներ է անցկացրել ու դասախոսել է Գևորգյան ճեմարանում, Շուշիի թեմական դպրոցում, Հովնանյան օրիորդաց վարժարանում, Ներսիսյան դպրոցում ու Թիֆլիսի Հայկական պետական գիմնազիայում:

«Հայկական ժողովրդական առասպելները  Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ» ու «Հայոց հին գրականության պատմությունը» աշխատությունների հեղինակն է:

Հայկ Կանայան (1875-1950), ակնաբան-վիրաբույժ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ

Ծնվել է Թուրքիայի Իգդիր քաղաքում: 1887 թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Բարձրագույն կրթություն ստացել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում, որից հետո գևորգյան ճեմարանում աշխատանքի է անցել որպես բժիշկ: 1902-1905 թթ. շարունակել է ուսումը Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1908-ից Վլադիկավկազում, Նովոռոսիյսկում, Թիֆլիսում աշխատել է որպես ակնաբույժ:

1921-ին վերջնականապես հաստատվել է Հայաստանում, որտեղ հիմնել ու գլխավորել է հանրապետությունում առաջին ակնաբուժարանը: ՀԽՍՀ-ի գլխավոր ակնաբույժն էր 1922-1950 թթ.:

Հրաչյա Աճառյան (1876-1953), գրականագետ, լեզվագետ: ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր:

Ծնվել է Կոստանդնուպոլսում՝ կոշկակարի ընտանիքում: Ավարտել է ծննդավայրի Կենտրոնական վարժարանը, ապա ուսանել է Փարիզի ու Ստրասբուրգի համալսարաններում: Որպես ուսուցիչ է աշխատել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև Շուշիում: 1923-1953 թթ. Երևանի պետական համալսարանի դասախոս էր:

Հայոց լեզվի ուսուցման պատմական և համեմատական մեթոդների առաջատարն էր: Հիմնական աշխատություններն են՝ «Հայ բարբառագիտություն», «Հայերեն արմատական բառարան», «Հայոց լեզվի պատմություն», «Հայոց անձնանունների բառարան»:

Հայկ Գյուլիքևխյան (1886-1951), փիլիսոփա, պրոֆեսոր:

Ծնվել է Շուշիում: Ուսանել է Ենայի, Լեյպցիգի, իսկ 1907-ին՝ Ցյուրիխի համալսարաններում: Ավարտել է Հայդելբերգի համալսարանի փիլիսոփայության բաժինը: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո եղել է Երևանի պետական համալսարանի պրոռեկտորը: Նրա աշխատությունները նվիրված են գրականությանը, արվեստին, փիլիսոփայությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել