168.am-ը գրում է.

Իսպանական ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է վրացական կազմակերպված հանցավոր խմբավորման 15 անդամների, որոնք մեղադրվում են Բարսելոնայում ու նրա արվարձաններում բնակարանների ու տների կողոպուտների մեջ:

Այդ մասին հայտնել է Rustavi2 հեռուստաընկերությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Ձերբակալվածների խուզարկության ընթացքում ոստիկանությունն առգրավել է 130 հազար եվրո, 2 կիլոգրամ ոսկյա զարդեր, էլեկտրատեխնիկա, ինչպես նաեւ բնակարանների կողոպտման համար նախատեսված սարքեր:

Ձերբակալվածների թվում է հանցախմբի 53-ամյա պարագլուխը: Նա, հետաքննության տվյալներով՝ ղեկավարում էր կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը Բարսելոնայում, Ալիկանտում եւ Սեւիլիայում: Կատալոնիայի ոստիկանության տվյալներով՝ գերատեսչությունը որոնում է այդ հանցավոր խմբավորման եւս 10 անդամների:

Ոստիկանությունում նշել են, որ սեպտեմբեր ամսին կասեցրել են երկու խմբավորումների գործունեությունը, ինչը 50 տոկոսով նվազեցրել է գողությունների թիվը տարածաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել