168.am-ը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը լուրջ կասկածների տեղիք է  տալիս՝ մայիսի 17-ից տարփողվող արտահերթ ընտրությունների ամենաազատ, ամենաարդար, ամենաանկաշառ ձևով անցկացնելու առումով: Քարոզարշավը չավարտած` ամեն օր ականատես ենք լինում ամենաանսպասելի խախտումների: Ըստ էության, խորհրդարանականի նախաբան հանդիսացող ՏԻՄ այս ընտրություններում, պարզ տրամաբանությամբ, պետք է որ բծախնդրորեն պահպանվեին օրենքի տառն ու շունչը՝ գալիք համապետական ընտրություններում դիվիդենտներ շահելու նպատակով: Բայց ո՛չ… հեղափոխական կառավարությունը ջանք չի թափում անգամ տարրական էթիկայի կանոնները պահպանել՝ խախտելով Ընտրական օրենսգրքի պահանջները: Եվ ողջ աբսուրդն այն է, որ հիմնական խախտողը ոչ ավել, ոչ պակաս պետության ղեկին կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Փաշինյանը` մասնակցելով քարոզարշավին, փաստորեն, օգտագործում է իր վարչական ռեսուրսը: Գուցե, եթե այդքան ջանադրորեն չմասնակցեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  քաղաքապետի իր թեկնածուի նախընտրական քարոզարշավին՝  Ընտրական օրենքի խախտումներն այդքան ցցուն չէին լինի: Սակայն խախտվում է ընտրական օրենսդրությունը, քանի որ իր ամբողջ վարչական ռեսուրսով վարչապետը քարոզում է թեկնածուներից մեկի օգտին (Ընտրական օրենսգիրք հոդված 23 մաս 1):

Ավելին, մասնակցելով որպես քաղաքական ուժի համակիր, նա ըստ էության հանդես է գալիս որպես վարչապետ և ցուցումներ է տալիս (Ընտրական օրենսգիրք հոդված 23 մաս 3 կետ 1): Ընդ որում, այնպիսի անհեթեթ ցուցումներ, որոնց կատարմանը   նույնիսկ  իր ենթակաները թերահավատությամբ են ընկալում:

Ի՞նչ երաշխիքներ կարող ենք ունենալ, որ քարոզարշավի ընթացքում արդեն տեղ գտած վարչական  ռեսուրսը չի օգտագործվի նաև սույն ընտրությունների հետագա փուլերում, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

ՄԱՐԻԱՄ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել