«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today կայքի խմբագրությունում նախօրեին ոստիկանության իրականացրած խուզարկությունը՝ ընդգծելով, որ դա խախտում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:

«Yerevan.Today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար», - շեշտել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կոնտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:

Հիշեցնենք, որ երեկ Yerevan.today կայքի խմբագրությունում խուզարկություն էին անցկացրել ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցները։

«Խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ»,– հայտնել էին քննչական կոմիտեից։ 

Yerevan.today կայքի գլխավոր խմբագիրը իր հերթին այսօր հայտնել է, որ «...սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ»։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել