Armenpress.am-ը գրում է.

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտին են մոտենում հայկական գերեզմանոցի վերականգնման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Reuters գործակալությունը «Վերականգնված գերեզմանոցը ցույց է տալիս Կահիրեում հայերի պատմությունը» խորագրով հոդվածում:

Գերեզմանոցն արտացոլում է Կահիրեում հայկական համայնքի պատմությունը: Աշխատողներն արդեն ամրացրել ու մաքրել են գերեզմանաքարերը, տեղադրված կիսանդրիները:

«Կար մի ժամանակաշրջան, երբ այս վայրն անտերության էր մատնվել, և այն վերանորոգելու ծրագիրը հոյակապ նախաձեռնություն էր»,- նշել է աշխատանքները համակարգող հնեաբան Նաիրի Համփիկյանը: Նա հայտնել է, որ հայտնաբերվել են գերեզմանաքարեր, որոնք թվագրվում են մինչև 1830-ական թվականները:

Վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2014 թվականից, դրանք ավարտին կհասնեն 2018 թվականի վերջին: Այն հնարավոր է դարձել հայկական եկեղեցու ու համայնքի ֆինանսավորման շնորհիվ:

Reuters-ը գրում է, որ հայերը Եգիպտոսում սկսել են հաստատվել 10-12-րդ դարերից, իսկ 1844 թվականին Մուհամեդ Ալի Փաշան հայերին հանձնել էր առանձին հողակտոր, որը ներկայում հայտնի է որպես հին իսլամական Կահիրե: «Հայերի թվաքանակը Եգիպտոսում տատանվում էր՝ կապված երկրի քաղաքական ու տնտեսական իրադրության հետ: Սակայն Առաջին աշխարհամարտի դեպքերից հետո, երբ օսմանյան ուժերը 1915 թվականին սպանեցին ավելի քան 1.5 մլն հայերի, մեծ թվով հայեր գաղթեցին Եգիպտոս և մյուս երկրներ»,- գրում է լրատվամիջոցը՝ ընդգծելով, որ հայերը հաստատվեցին կոսմոպոլիտ քաղաքներում, ինչպիսիք էին Կահիրեն ու Ալեքսանդրիան, որտեղ բնակվում էին նաև իտալական ու հունական համայնքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել