Tert.am-ը գրում է.

Tert.am -ի հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ չի ընդունում «12» -ի ֆորմատը, քանի որ Հայկ Մարությանը չէ, որ պետք է օրակարգ թելադրի։ Նա անդրադարձավ նաև կանխատեսումներին, որ իրեն լռեցնելու են՝ ասելով՝ «Նառա, դու սուս»:

Նա միանալով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի այն հայտարարությանը, որ նման հարաբերությունների պայմաններում  դեռ հարց է՝ կպաշտպանե՞ն իրենք ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելը, հայտարարեց, որ իրենք ևս կմտածեն այդ մասին։

-Տիկի՛ն Զոհրաբյան, ի պատասխան Ձեր՝ առանց Նիկոլ Փաշինյանի բանավեճի գալու հրավերին, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ասաց, որ կգա՝ պայմանով, որ եթե գան բոլոր 11 թեկածուները։ Ձեզ համար ընդունելի՞ է այս ձևաչափով բանավեճը, և, առհասարակ, բանակցե՞լ եք այդ հարցի շուրջ։

-Չեմ կարծում, որ այստեղ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, կամ իսրայել-պաղեստինյան կոնֆլիկտը, որ ես Հայկ Մարությանի հետ բանակցություն վարեմ, և, առհասարակ, թող մեծամիտ չհնչի, բայց իմ մրցակիցը բացարձակապես Հայկ Մարությանը չէ։ Նորից եմ կրկնում՝ կա միայն Նիկոլ Փաշինյան, և Նիկոլ Փաշինյանից հետո այդ քաղաքական ուժում երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, հարյուրերորդ որևէ մեկը չկա։ Եվ, ի վերջո, մեր երկիրն այսօր լուրջ տնտեսական խնդիրներ ունի, մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ արտաքին քաղաքական մարտահրավերների առաջ, և ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով, ես Ձեզ վստահեցնում եմ՝ շատ ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնելու նաև ԵՄ-ի հետ որոշ հարաբերությունների առումով, որ չեմ պատկերացնում, թե մեր հարգարժան վարչապետն ինչպես կարող է աշխատել միաժամանակ՝ և՛ վարչապետ, և՛ որոշ նախարարների փոխարեն՝ նախարար, և՛, եթե, այդուհանդերձ, երևանցին էյֆորիաների, հեղափոխական ազդեցության տակ քվեն տա մեկ թեկնածուի, նաև՝ քաղաքապետ։ Նաև՝ ընդդիմություն։ Անկեղծ ասած՝ որևէ կերպ նման բազմաֆունկցիոնալ վարչապետ դժվարանում եմ պատկերացնել։

Երկրորդ․Հայկ Մարությանը չէ, որ պետք է ձևավորի օրակարգ և ֆորմատ։ Մեծագույն հարգանք ունեմ քաղաքապետի բոլոր մնացած թեկնածուների հանդեպ։ Ի դեպ, նաև Հայկ Մարությանի հանդեպ, որը կարող էր զբաղվել իր մասնագիտությամբ, չնայած, և սա ասում եմ նաև որպես կինոգետ, այն, ինչ նա ներկայացնում է որպես կինո, ֆիլմ, մշակույթ, դա ֆիլմ կինո և մշակույթ չէ։ Եվ երբ հայտարարվում է, թե մարդն իր բազմաթիվ տներից մեկը, այդ թվում՝ Հյուսիսային պողոտայում, գրավադրել է ֆիլմ նկարելու համար, ապա խորհուրդ կտամ ֆիլմ բառն օգտագործել շատ զգույշ։ Եվ կրկնում եմ, որ սա ասում եմ որպես մասնագիտությամբ կինոգետ․ այս «Սուպեր մամա»-ները ֆիլմ չեն, դա սերնդապղծություն է։ Եվ այստեղ զարմանում եմ, որ համապատասխան հանձնաժողովները, որ, իբր, պետք է հսկեն եթերի մաքրությունը, ուղղակիորեն կատարյալ անգործության մեջ են։

-Ի՞նչ պետք է անեին Հայկի ֆիլմերի հետ։

-Ուրեմն, նման ֆիլմեր չպետք է եթեր հեռարձակվեին, որովհետև դրանք ուղղակի վատ ճաշակի և երեխաների մոտ վատ գեղագիտական ճաշակ ձևավորելու կլասիկ միջոց են։ Ինչ վերաբերում է բանավեճին․ինձ համար միանշանակ էր, որ ինքը մերժելու էր ինձ հետ դեմ առ դեմ բանավիճելու առաջարկը։ Սա հասկանալի է, ես իրեն չեմ մեղադրում, որովհետև շատ պարզ ու շատ կանխատեսելի էր լինելու այդ բանավեճի արդյունքն ու հետևանքը։ Ինչո՞ւ եմ հրաժարվում և հայտարարում, որ հրաժարվում եմ  «12»-ի ֆորմատով բանավեճից։ Հրաժարվում եմ, որովհետև դա չի կարող լինել բանավեճ։ Ես սա ասում եմ նաև որպես լրագրող, որ անգամ տեխնիկապես, չեմ պատկերացնում, թե 12 հոգով ինչի մասին պիտի խոսենք։ Եթե մեզ պետք է տրվի 5-րոպեական ժամանակ՝ մեր ծրագիրը ներկայացնելու համար,ապա կարծում եմ, որ շատ ավելի հարմարավետ ու ճկուն ֆորմատներ կան մեր ծրագրերը ներկայացնելու համար, ինչը մեզնից յուրաքանչյուրն անում է ամեն օր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել