Tert.am-ը գրում է.

Առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, որ գաղտնալսումների ապացույց փորձում են գտնել լրատվամիջոցում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով «Yerevan.today» կայքի խմբագրությունում ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից անցկացվող խուզարկությանը:

«Ինձ թույլ կտամ եզրակացություն անել, որ որքան ոչ պրոֆեսիոնալ են եղել, որ թույլ են տվել իրենց գաղտնալսեն և տարածեն, նույնքան էլ ոչ պրոֆեսիոնալ քննություն են տանում այդ ուղղությամբ: Տարրական տրամաբանություն է, որ լրատվամիջոցն օգտվել է Youtube-ում տեղադրված լինկից, տեղադրել դա իր մոտ, ինչպես մյուս բոլոր լրատվամիջոցները: Իրականում google-ի հետ կապված տեխնիկական խնդիր է եղել, որը սխալ է ցույց տվել տեղադրման ժամանակը»,- նշեց Արմինե Օհանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն այսօր խուզարկություն են անցկացրել «Yerevan.today» կայքի խմբագրությունում: Խուզարկությունը կատարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Իսկ օրեր առաջ «Yerevan.today» կայքը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը՝ իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել