Այս պահին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են անցկացնում yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում։

Առավոտյան՝ ժամը 8.30-ին, խմբագրություն մուտք գործած 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի թվով 10 աշխատակիցներ ներկայացրել են դատարանի և Քննչական կոմիտեի որոշումները՝ խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Նրանք այնտեղ փնտրում են գաղտնալսող սարքեր։ Նաև համակարգիչների մեջ են ստուգումներ իրականացնում՝ պարզելու, թե ինչպե՞ս է կայքէջը ստացել և կայքէջում հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը փորձեց կապ հաստատել կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ։ Վերջինս չէր կարողանում հեռախոսով զրուցել. 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները նրան արգելում էին խոսել որևէ մեկի հետ և տեղեկատվություն հաղորդել գործընթացի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ yerevan.today-ը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.

«Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը՝ իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է, լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության:

Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին՝ ճիշտ նույն ժամերին՝ 14:00-ի կողմերը, ինչպես մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները:

Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն, ուստի խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել:
Շնորհակալություն:

Հ.Գ. Եթե իմացել ենք ձայնագրության մասին, բա ասուլիսի մասին ո՞նց ենք իմացել։

Ուշադիր նայեք լուսապատճենին»։

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությունը Yerevan.Today-ում և «Հրապարակ» օրաթերթում հայտնվել է մի քանի օր շուտ, քան մյուս լրատվականներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել