Le Monde ֆրանսիական պարբերականին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինայնը կարծիք է հայտնել, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են աննախադեպ ազատ:

Հայաստանյան իրականության քիչ թե շատ մարդկանց համար սա, մեղմ ասած, վիճելի կարծիք է:

Ընտրություններին դեռ մեկ շաբաթ կա, բայց ներկայացնեմ այս պահի դրությամբ եղած փաստերի այն շարանը, որն ապացուցում է վարչապետի հայտարարության զրո կապը իրականության հետ:

1. Վարչապետի 100 օրվա պաշտոնավարման միտինգին, որը կազմակերպվել էր պետական բյուջեի միջոցներով, Նիկոլ Փաշինյանը չխորշեց իր թեկնածուի քարոզչությունն անելուց:
2. Քարոզչության մեկնարկի օրը ոստիկաություն բերման ենթարկվեցին ընտրությունների մասնակից ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ կուսակցության երկու անդամներ:
3. ԲՀԿ ցուցակի թեկնածուներից մեկին ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի ցուցումով ներգրավեց «Փռեմ ասֆալտին» օպերացիայում, և հետագայում այդ դրվագն օգտագործվեց հակաքարոզչության նպատակով:
4. Իշխանական դաշինքի թեկնածուն քարոզարշավի մեկնարկին սկիզբ դրեց անհանդուրժողականության և ատելության արշավին՝ հասարակությունը բաժանելով սև-սպիտակների:
5. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չդատապարտեց այդ դրվագը, այլ առավել խորացրեց այն՝ զարկ տալով հակաքարոզչության և սպառնալիքների նոր տարափին:
6. Վարչապետը, օգտագործելով պաշտոնական հնարավորությունները, անձամբ ներգրավված է իր թեկնածուի քարոզչության մեջ: Նա փորձեց զուգահեռներ տանել մեր տարիների հետ՝ դիտավորյալ չբարձրաձայնելով, որ ՏԻՄ ընտրություններին այդպիսի փաստեր չեն եղել մեր կողմից:
7. Եվրոպական կառույցներից դիտորդներ չեն լինելու այս ընտրություններին՝ ի տարբերություն նախորդների:
8. Գոյություն ունի ակնհայտ անհավասար մեդիա-ծածկույթ իշխանական և այլ ուժերի միջև, որն առավել արտահայտված է ինտերնետ տիրությում: Ի դեպ, առ այսօր չկա անկախ մեդիա-մոնիթորինգի որևէ տվյալ:
9. Հակաքարոզչության և սև քարոզչության մակարդակն աննախադեպ է հատկապես սոցիալական ցանցերում, այն ուղղորդվում և խրախուսվում է իշխանական քարոզչական ապարատի կողմից: 
10. Այս պահին չկան հանրային բանավեճեր հիմնական թեկնածուների միջև: Այս խնդրում ժամանակին մեղադրում էին մեզ, սակայն իրենք շարունակում են համառորերն նույն գործելաոճը դրսևորել:
11. ԿԸՀ ղեկավարի վրա տեղի է ունեցել փողոցային հարձակում և քաշքշոց, ինչի մասին իշխանական մամուլը լռեց:
12. Արդեն հայտնի է, որ ընտրություններին տեղամասերում նախկինում տեղադրված տեսախցիկները չեն լինելու, ինչն ակնհայտ նահանջ է 2017 թվականի ընտրությունների համեմատ:

Ի մի բերելով այս փաստերը՝ արդեն կարող են արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք առաջին իսկ խոշոր ընտրություններն ազատ չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել