Tert.am-ը գրում է․

Նաիրա Զոհրաբյանը քաղաքական բանավեճի է հրավիրում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի: 

Այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ասաց ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ  ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը: 

«Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը, Քոչարյանը ձեր կողքին է կանգնած, հենց ձեր կողքն է կանգնած, որովհետև Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում:
Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն «Իմ քայլը» ցուցակում են, այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք: 

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի:

Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ:
Էլի եմ ասելու՝ չէինք խոսի այս մասին, եթե իրենք չանցնեին արժանապատվության, տղամարդկության ու բարոյականության բոլոր սահմանները»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: 

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն ասաց, որ սոցիալական ցանցերի օգտատերերը հաղորդագրություններ են ստանում  հետևյալ բովանդակությամբ. «Նաիրա Զոհրաբյանին ընտրելով՝ դուք ընտրում եք Գագիկ Ծառուկյանին, ընտրելով Գագիկ Ծառուկյանին՝ ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին»:

«Նման հաղորդագրություն անգամ մորաքույրս է ստացել: Հիմա ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին ընտրում եք դուք, «Քաղաքացիական պայմանագրի» գործընկերներ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի PR-ն անում եք դուք, որովհետև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեցիք դուք, դուխ չունեցաք Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական PR-ը, Քոչարյանին քաղաքական հարթակ տրամադրելու ամբողջ առաքելությունը ձերն է»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 15 տարի շարունակ հայաստանցուն վախեցրել են Ռոբերտ Քոչարյանով՝ նշելով, որ ԲՀԿ-ով նա վերադառնալու է քաղաքականություն, բայց 15 տարի ԲՀԿ-ն եղել են իրենք, ԲՀԿ-ն եղել է Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները: 

«Այդ Ռոբերտ Քոչարյանին չտեսանք, Ռոբերտ Քոչարյանը մեզ չի հետաքրքրում, բայց օգտագործելով քաղաքական էյֆորիան՝ փորձում են Ռոբերտ Քոչարյանով վախեցնել, և դրա համար իրենց տներում ու շրջապատներում ասում են՝ քանի դեռ մարդիկ հեղափոխական էյֆորիայի տակ են, արագ պետք է անել ավագանու ընտրություն, հետո ԱԺ, որովհետև էյֆորիան անցնելու, է և մարդիկ հասկանելու են, թե ինչ է կատարվում. գնաճ է, իրենց խնդիրները չեն լուծվել, երկիրը կանգնած է արտաքին լրջագույն մարտահրավերի առաջ»: 

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ի տարբերություն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի՝ ինքը գաստրալյոր չէ և Երևանի արդյունքներից կախված չի որոշելու՝ մնալու է Երևանում, թե գնալու Պրահայի առանձնատներից մեկը վայելելու.«Բա որտեղից ձեզ այդ առանձնատները: Երբեք չէի խոսի այս մասին, եթե իրենք վարեին պարկեշտ քարոզարշավ: Ամբողջ պետական ռեսուրսները դրել են ֆեյքերի տակ, որովհետև ռեալ մարդիկ այլևս անհարմար են զգում, երկիրը հասցրել են ատելության այն դոզային, որ ԵԽԽՎ-ն արդեն հոկտեմբերին քննարկելու է Հայաստանի հարցը, որպես երկիր, որտեղ մարդու խղճի ու մտքի ազատությունը վտանգված են»:    

Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն եկել է իր ծրագրերով, և ասում է՝ տվեք վստահության քվե և օրինակ վերելակային ողջ տնտեսությունը վերականգնելու են, որովհետև 600 մլն դոլարանոց ծրագիր են բերելու: 

«Մեկ էլ ամեն օր ասում են՝ ԲՀԿ-ն այստեղ կաշառք է բաժանում: Դիմում եմ հարգարժան ոստիկանապետին: Պարո՛ն Օսիպյան, ուշադիր եղե՛ք այդ բոլոր ահազանգերին, գնացե՛ք դրանց ետևից, Դուք պարտավոր եք ապացուցել, որ ԲՀԿ-ն կաշառք է բաժանում, կամ Դուք դա ապացուցում եք, կամ մենք սկսում ենք իրավական գործընթաց բոլոր սուբյեկտների, ավագանու թեկնածուների նկատմամբ, ովքեր տարածում են այդ ապատեղեկատվությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել