Երեկ Երևանում մեկնարկեց Comedy Club-ի  փառատոնը, այն նվիրված է քաղաքի  2800–ամյակին: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայի համալիրում իսկական տոն էր` կարմիր գորգ, երաժշտություն, բարձր տրամադրություն և հրավիրված հայտնի հյուրեր: BlogNews.am-ը ներկայացնում է միջոցառման  հետաքրքիր դրվագները:

Հաղորդման նկարահանումներն առաջին անգամ են Հայաստանում, դրան մասնակցելու համար մայրաքաղաք են ժամանել Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։  Հրավիրված հյուրերի շարքում էին Օլգա Բուզովան, Ելենա Լետուչայան, Արարատ Քեշյանը, Նատալիա Եփրիկյանը, DJ Smash-ը և աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամը:


«Մենք եկել ենք Երևան, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, թե որքան լավն է հայկական հումորը: Իհարկե մենք ռիսկի ենք գնացել և այն ներկայացնելու ենք Խարլամովի կատարմամբ»,-կատակեց Գարիկ Մարտիրոսյանը, ով կարմիր գորգի վրայով անցավ կնոջ` Ժաննայի հետ:

Մարինա Կրավեցն առաջին անգամ էր Հայաստանում, պատմեց որ եղել է Կասկադում և հատուկ առանձնացրեց հայկական խոհանոցը. «Ձեզ մոտ ամեն ինչ շատ համեղ է, ուտում ենք, հետո բարձրանում կասկադի աստիճաններով, որպեսզի գոնե չգիրանանք»:

Պավել Վոլյան լրագրողներին նախ ողջունեց արդեն հայտնի դարձած «Փող չկա» արտահայտությամբ և հույս հայտնեց, որ այս փառատոնից հետո գուցե ամեն ինչ դեպի լավը կընթանա: Եթե անկեղծ մենք փորձել ենք հնարավորինս շատ հումորային սքետչեր պատրաստել, որպեսզի հանդիսատեսի համար հետաքրքիր լինի:

Ուշագրավ էր Ժան-Կլոդ Վան Դամի մուտքն, աշխարհահռչակ հոլիվուդյան դերասանը կարմիր գորգի վրա ցուցադրեց կառատեի մի քանի հնարք, լուսանկարվեց երկրպագուների հետ և անկեղծացավ, որ շատ սիրում է Հայաստանը, և շնորհակալ է, որ այս հրաշալի տոնին հրավիրել են նաև նրան:

Comedy Club-ի ռեզիդենտներից գրեթե բոլոր առանձնացնում են հայկական խոհանոցը, Գարիկ Խառլամովը ևս բացառություն չէր. «Հայաստանում երկու տարի առաջ եմ եղել, ինչքան գալիս եմ ձեզ մոտ անդադար ուտում եմ համեղ ուտեստներ: Այստեղ ես գիրանում եմ»:

Նշենք, որ Հայաստանյան հատուկ թողարկումները աշնանը կլինեն «THT»–ի եթերում։

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել