Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին։

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է սենատորի  այցն Արցախ՝ նշելով հանրապետությունում առկա իրողություններին և պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին տեղում ծանոթանալու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերություններին։ Մասիս Մայիլյանը կարևորել է Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկիր, ընդգծելով Ֆրանսիայում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և երկու երկրների միջև ուղիղ երկխոսության հաստատման անհրաժեշտությունը։

Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումները և ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում Արցախում և Ֆրանսիայում գործող բարեկամության շրջանակների դերը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարբեր մակարդակներով երկկողմ կապերի սերտացման ու ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել