2018 թվականի սեպտեմբերի 14-ին պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին։

Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները վարչապետի հետ քննարկել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում տիրող ընդհանուր իրավիճակն ու ներկա գործընթացները։

Այնուհետև վարչապետ Փաշինյանին ներկայացվել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի գործունեությունը։ Հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը շեշտել են, որ կազմակերպությունը մշտապես գործակցել է Հայաստանի և Արցախի իշխանությունների հետ, աջակցել տարաբնույթ հարցերում՝ ոչ պաշտոնական դիվանագիտության շրջանակներում  ներկայացնելով Հայաստանի և Արցախի շահերը Ֆրանսիայի տարբեր քաղաքական և իշխանական շրջանակներում։

Կազմակերպությունը մեծ ջանքեր է գործադրում նաև Ֆրանսիայի հայ համայնքի միասնականությունը պահպանելու և գաղութային կյանքի զարգացումն ապահովելու համար։

Վարչապետ Փաշինյանը հայտնել է իր գոհունակությունը, որ Ֆրանսիայում առկա է այդպիսի համախմբվածություն և կարևորել սփյուռքյան կառույցների և Հայաստանի իշխանության միջև գործակցությունը՝ ի շահ համազգային խնդիրների լուծման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել