Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր շահագործման է հանձնվել տարածաշրջանի դեռևս միակ կարկտապաշտպան ցանցերի արտադրամասը։ 

ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արտադրամասը կառուցել է «ՎԱԲԱ» ընկերությունը իտալական CARMAC S.R.L.-ի հետ համատեղ գյուղատնտեսական նշանակության կարկտապաշտպան ցանցերի և դրանց ներդրման ողջ համակարգի արտադրության ներդրումային ծրագրի շրջանակում։ 

Սա նորարարական արտադրություն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող արտադրամասը կառուցվել է բացառապես իտալական սարքավորումներով:

«Նախարարությունը խրախուսում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ, և այս առումով` տեղում կարկտապաշտպան ցանցերի արտադրությունը հնարավորություն կտա խթանելու դրանց կիրառումը՝ ապահովելով բերքի երաշխավորված պաշտպանություն բնական աղետներից»,- այս մասին նշել է բացման արարությանը ներկա գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը։

Նա նաև ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է «Հայաստանի
Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ձեռք բերման համար տնտեսվարողներին, պետական սուբսիդավորման արդյունքում, տրամադրվում են 2% տոկոսադրույքով, 7 տարի մարման ժամկետով վարկեր։

Արտակ Քամալյանն ընդգծել է նաև, որ Հայաստանում նոր ժամանակակից գործարանի բացումը ենթադրում է նոր աշխատատեղներ, իսկ դա երկրի տնտեսական աճի ցուցանիշներից է։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել