Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։

Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Նիդերլանդների օմբուդսմանը տեղեկացրել է, որ կոնկրետ իրավիճակում երեխաների լավագույն շահը հաշվի առնելով արտաքսման որոշումը չեղարկվել է․ Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում։ Արման Թաթոյանին փոխանցվել է նաև, որ այս պահին փորձում են ճշտել որոշման չեղարկման հիմքերը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հեռախոսազրույցի ժամանակ Նիդերլանդների օմբուդսմանը հավաստիացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեսզի կարողանա մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և նրանց իրավունքների ապահովման հարցերը։

Հիշեցնենք, որր մայրն ու երեխաները Նիդեռլանդներ էին ժամանել 2008թ., սակայն նախորդ տարի մայրը՝ Արմինա Համբարձումյանը, տանուլ է տվել ապաստան ստանալու համար տասը տարի տարվող դատական գործը, ինչի հետևանքով նրան միայնակ Հայաստան են արտաքսել:

Նիդեռլանդների բարձրագույն դատարանը վճռել էր, որ քույր ու եղբայր պետք է հետ ուղարկվեն ու ապրեն իրենց մոր հետ, սակայն երեխաները թաքնվել էին՝ չցանկանալով հեռանալ երկրից: 

Նրանց չարտաքսելու պահանջով երկրում բողոքի զանգվածային ակցիաներ էին կազմակերպվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել