Ժամանակին հայկական իրականության մեջ մեծ աղմուկ հանած Շագեն, ով վարում էր «Սեքսը փոքր քաղաքում» խաղորդումը, կրկին վերադառնում է այս անգամ սեքս և քաղաքականություն ձևաչափով և վարում է «Նազրվան» հաղորդումը: Չնայած «Սեքսը փոքր քաղաքում» հաղորդման սկանդալային դրվագներին՝ այն ուներ նաև դաստիարակչական բնույթ: Նոր հաղորդման ֆորմատում Շագեն ներկայանում է որպես քաղաքական մեկնաբան, բայց այդ ամենը ներկայացնում է հումորային կոնտեքստով: BlogNews.am-ի հետ զրույցում հաղորդման սցենարիստ Զառա Մաթևոսյանը մանրամասներ է պատմել նոր հաղորդման մասին:

«Հաղորդման անվանումը պատահական է ընտրվել: Ես եկա այն եզրահանգման, որ «Նազրվանը» վատ տարբերակ չէ: Այն բառախաղ է՝ «Նազր One»: Նազրվանը նաև մեր հայկական վարունգի տեսակն է, և եթե քաղաքականության հետ զուգահեռներ անցկացնենք, ապա այն պաշտոնի պես մի բան է․ այսօր ձեռքումդ է, իսկ վաղը չես իմանա՝ որտեղ: Այսինքն՝ մարդը պետք է ապրի այնպես, որ Նազրվանը չհայտնվի մեկ այլ ցավոտ տեղում»,- պարզաբանում է Զառան։

Հաղորդման հիմնական նյութը սեքսը չէ, պարզապես այն վարում է կին, ով ժամականին խոսում էր սեքսից. «Այսօր ով աչքերը բացում է, խոսում է քաղաքականությունից, փորձում հումորներ անել՝ երբեմն հաջողված, երբեմն էլ՝ անհաջող: Այս ամենը կա համացանցում, բայց կնոջ մեկնաբանությամբ, այն էլ՝ սարկազմով, հումորով, և այնպիսի համարձակ կնոջից, ինչպիսին Շագեն է, չկա: Սա բացառիկ երևույթ է, և դրանով է պայմանավորված, որ արդեն ունենք բարձր դիտողականություն»:  

Զառան նշում է, որ Շագեի կերպարի վրա հարկ չի եղել աշխատել, ավելին՝  փոփոխելու կարիք էլ չի եղել. «Շագեն ինքն իր տեսակով շատ կրքոտ, սեքսուալ կին է: Եթե  հնարավորություն ունենաք կարդալու նրա անձնական նամակները, կտեսնեք, թե հայ տղամարդկանց մեծամասնությունն ինչպիսի նամակներ է գրում. նրանք պարզապես խենթանում են կրքոտ, սեքսուալ Շագեի համար: Նա իր տեսակով շատ սեքսուալ կին է և դա չի ցուցադրում արհեստականորեն, նա իսկապես այդպիսին է»:

Հաղորդումը հյուրեր չի ունենալու. «Մենք տեսնում ենք երևույթ քաղաքական, սոցիալական դաշտում, և եթե այդ երևույթն արժանանում է մեր թիմի ուշադրությանը, հուզում է այդ թեման, հայտնվում է մեր դիտակետում: Եթե կա բացասական երևույթ, մենք պարտավորվում ենք դրան անդրադառնալ»:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել