ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԵԽ տարածքային և տեղական կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության արտաքին հարաբերությունների վարչության ղեկավարի տեղակալ Դմիտրի Մարչենկովը, ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն, ԵԽ հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Տաթևիկ Դավթյանը  և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Սուսաննա Ադամյանը:

Նախարարության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Եվրոպայի Խորհրդի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև առկա հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ հայկական  կողմը շահագրգռված է լավագույնս օգտագործել տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության ներուժը։ Նախարարը կոնգրեսի պատվիրակներին մանրամասն ներկայացրել է տարածքային և տեղական կառավարման վերաբերյալ ներկա իշխանությունների պատկերացումներն ու  զարգացման տեսլականը, և նշել․«Հայաստանում ամբողջական ժողովրդավարություն ունենալու հիմքը տեղական մակարդակում ժողովրդավարության բարձրացումն  ու ինքնուրույնության աճն է։ Պետական կառավարման համակարգ-ՏԻՄ կապն ավելի դյուրին կդառնա, երբ ՀՀ-ում ավարտված կլինեն վարչատարածքային բարեփոխումները, ինչի նպատակով առաջիկայում նախատեսվում են տարածքային կառավարման հարթությունից որոշակի լիազորությունների պատվիրակում համայնքներին»։ 

Անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին`  նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ոլորտի քաղաքականության պատասխանատուների կողմից որոշվել է գործընթացն առկախել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Նախարարը որոշումը պայմանավորել է նախկինում կատարված բարեփոխումների ընթացքում արձանագրված բացթողումներից հնարավորինս զերծ մնալու, դրական և բացասական կողմերը վերլուծելու անհրաժեշտությամբ։ Եզրափակելով՝ Սուրեն Պապիկյանը հատուկ շնորհակալություն է հայտնել GIZ-ին, UNDP-ին, Շվեյցարական զարգացման գործակալությանը Հայաստանի համայնքների կարողությունների զարգացման և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալացման գործում ցուցաբերած մեծ աջակցության համար։

Իր հերթին ԵԽ տարածքային և տեղական կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ-ի կարևոր գործընկերներից է, և Խորհուրդը պատրաստակամ է այսուհետ ևս օժանդակել երկրում ծավալվող ժողովրդավարության կոնսոլիդացիայի գործընթացին։ Անդրեաս Կիֆերը ափսոսանք է հայտնել ԵԽ-ի կողմից Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին ռեսուրսների սղության պատճառով դիտորդական առաքելություն չիրականացնելու առնչությամբ և դա բացառապես պայմանավորել նույն ժամանակահատվածում  Բոսնիա-Հերցեգովինիայի անցկացվող ընտրությունները դիտարկելու հրավերն  ավելի վաղ ընդունելու հանգամանքով։  

Նախարար Սուրեն Պապիկյանը,  կարևորելով  ԵԽ մոնիտորինգային գործառույթները,  հույս  է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին  ԵԽ դիտորդական առաքելությունը կցուցաբերի իր ակտիվ  մասնակցությունը։  Ամփոփելով  նախարարը համոզմունք է հայտնել, որ տարածքային և  տեղական մակարդակների տարբեր ոլորտներում ԵԽ-ի և ՀՀ-ի համագործակցության ողջ ներուժը լավագույնս օգտագործելու միջոցով առաջիկայում հնարավոր կլինի բարեհաջող ավարտին հասցնել սկսված վարչատարածքային բարեփոխումները և տեղերում ունենալ մասնակցային ժողովրդավարության վրա հիմնված ինքնուրույն համայնքներ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել