Aysor.am-ը գրում է.

Օրերս մի շարք լրատվամիջոցներ ահազանգ ստացան՝ ուսումնական տարվա առաջին իսկ օրերին՝ սեպտեմբերի 10-ին, Արարատի մարզպետարանում մարզի դպրոցների տնօրենների հետ ժողով է հրավիրվել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրանց կարգադրվել է ցանկացած հիմնավորմամբ անհապաղ ազատվել թոշակառու ուսուցիչներից: Հրահանգողներն են եղել մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն ու Լիլիթ Միրզախանյանը, ով, ինչպես կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանն է ներկայացրել, աշխատակազմի ղեկավար է:

Տնօրեններից մի քանիսը հակառակվել են մարզպետարանի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ աշխատանքային օրենսգրքում չկա կետ, ըստ որի, գործատուն պետք է ազատվի իր գործին տիրապետող վաստակաշատ ուսուցչից միայն տարիքի պատճառով:

Aysor.am-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, սակայն մեր երկօրյա զանգերն անպատասխան մնացին:

Մրգավետ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վրեժ Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ մեկտեղ հավաստիացնելով, որ ինքն անձամբ որևէ ուսուցչի աշխատանքից չի ազատել:

«Այո՛, նման առաջարկ եղել է մարզպետարանի կողմից, սակայն կոնկրետ ես չեմ համաձայնվել: Նախ, հարկավոր է օրենքում այդ կետով հստակ փոփոխություն մտցնել, հետո նոր նման հրահանգներ տալ: Կոնկրետ մեր դպրոցում այդ ուսուցիչների հետ մեկ տարով երկարաձգվել է պայմանագիրը, ու նրանք բնականոն հունով շարունակում են իրենց գործունեությունը: Ըստ կարգի՝ պայմանագիրը մեկ տարով էլ կնքվում է, թե ի՞նչ կլինի 2019-ի օգոստոսից հետո՝ օրենքը կհուշի», - նշեց տնօրենը:

Այս դպրոցը կենսաթոշակային տարիքի 6 մանկավարժ ունի, որոնցից մի մասի համար, տնօրենի հավաստիացմամբ, ապրուստի միակ միջոց հանդիսանում է սեփական աշխատավարձը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել