Tert.am-ը գրում է.

Արցախը՝ որպես լիարժեք կողմ, չի մասնակցում բանակցային գործընթացին:

Այս դիտարկումն արեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացից ՀՀ նախկին իշխանությունների՝ իրեն թողած վերջին փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին խոսք չկա, այնտեղ միայն Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին դրույթներ կան:

Դավիթ Բաբայանից Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել՝ հասկանալու համար, արդյոք իրենց հետ քննարկվե՞լ է Նիկոլ Փաշինյանի վկայակոչած փաստաթուղթը, իրենք տեղյա՞կ են այդ փաստաթղթի բովանդակությունից:

«Եթե մենք չենք մասնակցում բանակցային բոլոր փուլերին՝ սկսած մտքերի փոխանակումից, վերջացրած կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, նշանակում է, որ որևէ իրավական պարտականություն, պարտավորություն մենք չունենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, Դավիթ Բաբայանը նշեց, որ պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ ասել է՝ ադրբեջանա–հայկական հակամարտության կարգավորումը իրենից ենթադրում է երկու հարցերի լուծում․


«Դրանք են սահմանների խնդիրը Արցախի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Արցախի կարգավիճակը: Այս երկու հարցերն են հիմնական: Հակամարտության էությունն է այդպիսին»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը նաև հիշատակեց, որ իրենք միշտ են ասել՝ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն փաթեթով, ոչ մի հարց բաց չպետք է մնա: «Կարգավորված չէ ոչինչ, եթե կարգավորված չէ ամեն ինչ: Ի դեպ, դա Մինսկի գործընթացի փիլիսոփայությունն է: Հետևաբար, մենք հստակ ասում ենք, և երբեք չենք խաղում, հնարքներ չենք բանացնում, որ մենք չենք տեսնում մեզ Ադրբեջանի կազմում: Դա անհնարին է: Դա չի եղել, չի էլ լինելու»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել