Aysor.am-ը գրում է.

2008 թվականի Մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացվել է կառավարություն՝ հաստատման։ Դրանից հետո միայն այն կներկայացվի խորհրդարանի դատին։

Հիշեցնենք՝ այս նախագիծը, որը նախատեսում է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տասը զոհի հարազատներին, ինչպես նաև մյուս տուժածներին փոխհատուցում տալու կարգը, առաջին անգամ չի ներկայացվում խորհրդարանին։ Այն դեռ պատգամավոր աշխատելու տարիներին ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն ամեն անգամ հանդիպել էր մերժման. խորհրդարանական մեծամասնությունը անհրաժեշտ չէր համարել այդ օրինագիծը ընդունելը։ Այս անգամ, սակայն, իրավիճակը փոխվել է։

Օրինագծին կողմ են Հանրապետական պատգամավորները, սակայն իրենք էլ իրենց հերթին ներկայացնում են առաջարկություն՝ ցանկում ընդգրկել նաև 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ տուժածներին, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներին, ինչպես նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին։

Օրինագծի հեղինակներից է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, սակայն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պետք է տարբերակել այդ դեպքերը։

«Մարտի 1-ի զոհերի վրա կրակել է պետության ներկայացուցիչը, իսկ մյուս դեպքերում մահաբեր ուժ կիրառել են պետության ներկայացուցիչների նկատմամբ։ Երկու դեպքում էլ պետությունն ունի պարտավորություն, քանի որ քաղաքականացված միջադեպեր են եղել, և պետությունը պարտավոր էր երաշխավորել այդ անձանց կյանքի իրավունքը, ինչը չի արել», - ասաց Նազարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել