168.am-ը գրում է.

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը վստահ է՝ Գլխավոր դատախազությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի կողմից առերևույթ պաշտոնական լիազորություններն անցնելու գործով քրեական գործ է հարուցել՝ բացառապես կանխելու և խոչընդոտելու համար Ազգային ժողովի կողմից իր սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացումը, այսինքն՝ խոչընդոտելու համար Քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթացին: Այսօր ԱԺ արտահերթ նիստում Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ Ա.Աշոտյանը հարց հնչեցրեց. «Ինչի՞ց եք վախենում, պարոնա՛յք։ Ինչի՞ց եք վախենում, երբ ափալ-թափալ, նիստից մի օր շուտ, գիշերը գործ եք հարուցում: Հերիք չի՞ էդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին»:

Նա շեշտեց, թե խորհրդարանն ունի լիազորություններ, խորհրդարանի գործունեությունից վախենալ պետք չէ, այս հանձնաժողովի աշխատանքը չպետք է լինի քաղաքական, այն պետք է ունենա մի քանի սկզբունք, առաջինը՝ մաքսիմալ թափանցիկություն՝ բոլոր նիստերը պետք է առցանց հեռարձակվեն, երկրորդ՝ չվախենալ անուններից և կանչել ու հարցաքննել բոլորին, ում ուզեն՝ Նիկոլ Փաշինյանից սկսած, վերջացրած Յուրի Խաչատուրովով, երրորդ՝ պետք է գտնել ճշմարտությունը, որքան էլ ծանր այն լինի անհատների, քաղաքական ուժերի կամ հասարակության համար:

«Քարոզչական հնարքները և շինծու արդարադատության մանիպուլյատիվ տեղեկատվական տեխնոլոգիաների արգասիքը մի բերեք խորհրդարան»,- ասաց Ա.Աշոտյանը՝ հավելելով, թե խորհրդարանի իրավաբանները գտել են ձևը, թե ինչպես շրջանցել երեկ դրված այդ արգելքը։

«Այդ ձևը կա, և այդ ձևը բովանդակությանը չի խանգարելու»,- նշեց Աշոտյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել