Հետազոտությունները ցույց են տվել, որ մոլորակի բնակչության մեծ մասը չի սիրում իր ձայնը, քանի որ երբ այն լսում է ձայնագրությամբ, լրիվ այլ կերպ է հնչում։ Այդ պատճառով էլ ոմանք կոմպլեքսավորվում են տեսաձայնագրվելուց, քանի որ իրենց ձայնագրված ձայնը կողքից լսելը նյարդայնացնում է նրանց։

Իսկ ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչու ենք մենք ինքներս մեր ձայնն այլ կերպ լսում, քան մյուսները։ Այս հարցին պատասխանել է ձայնային հետազոտող Ռեբեկա Կլեյնբերգը։

«Երբ մենք լսում ենք դիմացինի ձայնը, կամ երբ դիմացինն է լսում մեր ձայնը, այն մեր կամ նրանց ականջներին հասնում է օդի միջոցով, այսինքն՝ օդի մասնիկներն են մեր ձայնը հասցնում դիմացի մարդու ականջին։ Այդ պատճառով էլ տարբեր միջավայրներում մարդկանց ձայնը կարող է թեթևակի տարբեր հնչել։ Օրինակ՝ ջրում ձեր ձայնը լիովին այլ կլինի, քանի որ այն կփոխանցվի ոչ թե օդի, այլ ջրի միջոցով»,- բացատրում է Ռեբեկան։

Կնոջ խոսքերով՝ երբ մենք լսում ենք մեր իսկ ձայնը, այն ոչ թե օդի մասնիկների միջոցով է հասնում մեր ականջներին, այլ մեր ձայնը լսում ենք մեր ոսկորների միջոցով։ Քանի որ ոսկորներն ու օդը տարբեր կառուցվածք ունեն, այդ պատճառով էլ երբ լսում ենք մեր շուրթերից դուրս եկած բառերը, մեր ձայնն այլ կերպ ենք լսում։ Արդեն պարզ է, որ երբ լսում ենք մեր ձայնագրված ձայնը, այն արդեն մեր ականջներին է հասնում սովորական եղանակով՝ օդի միջոցով։

Իսկ պատճառը, թե ինչու չենք սիրում լսել մեր ձայնագրված ձայնը, այն է, որ մենք ի ծնե սովոր ենք մեր ձայնը լսել ոսկորների միջոցով, ուստի երբ օդի միջոցով ենք լսում մեր ձայնը, այն մեր ականջին շատ անսովոր է լինում։ Մի մտահոգվեք, որքան դուք սովոր եք լսել ձեր ձայնը, այնքան էլ ձեր շրջապատի մարդիկ են սովոր լսել ձեր ձայնը այն կերպ, ինչպես հնչում է, ուստի կոմպլեքսավորվելու ոչ մի պատճառ չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել