Վերջին օրերին մեզանում ակտիվորեն քննարկվում է Սիրիա հայկական հումանիտար առաքելություն գործուղելու թեման, որի կազմը հիմնականում համալրված է լինելու ՊՆ մասնագետներով՝ ռազմական բժիշկներ, հումանիտար ականազերծման մասնագետներ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմ։ ՀՀ բարձրագույն իշխանությունների հավաստմամբ՝ առաքելությունը մարտական խնդիրներ չի լուծելու և զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով:

Երևանի կողմից նման նախաձեռնությամբ հանդես գալը կարևոր է և լիովին տեղավորվում է սիրիական հիմնախնդրի ողջ ընթացքում ՀՀ որդեգրած դիրքորոշման տրամաբանության մեջ: Բանն այն է, որ աստիճանաբար եզրագծին մոտեցող հակամարտության շրջանակներում տեղ գտած վերջին գործընթացները հերթական անգամ հավաստում են, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը սիրիական հակամարտության ողջ ընթացքում հիմնականում ճիշտ է եղել, և քաղաքական, դիվանագիտական, մարդասիրական հարթություններում սեփական հնարավորությունների սահմաններում ՀՀ տարաբնույթ քայլերը հիմնականում կարողացել են պաշտպանել հայկական շահերը մերձավորարևելյան այս երկրում:

Իսկ այն հարցում, որ Դամասկոսն անչափ կարևոր դերակատար է մերձավորարևելյան տարածաշրջանում և արաբամուսուլմանական աշխարհում, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող՝ հավելած, բնականաբար, այդ երկրում համահայկական նշանակության համայնքի պատմական ներկայությունն ու նշանակությունը: Հետևաբար, ինչպես սիրիական ճգնաժամի ընթացքում, այնպես էլ հատկապես հետճգնաժամային, վերակառուցվող Սիրիայում հայկական կողմը տարբեր մակարդակներում առավել ակտիվ գործելու լայն հնարավորություններ ունի, որոնք, ի դեպ, արտոնված են և ողջունվում են ինչպես սիրիական իշխանությունների, այնպես էլ երկատված սիրիական հասարակության բավական ստվար հատվածի կողմից, ուստի չառարկայացնել նման հնարավորությունները պարզապես սխալ կլինի:

Իսկ սիրիական գործընթացներում հայկական ներկայությունը՝ հատկապես ՀՀ պետական դրոշի ներքո, լուծում է միաժամանակ մի քանի խնդիր՝

1. Հնարավորություն է ընձեռում առավել ամրապնդելու ՀՀ դերը՝ որպես միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, որը հերթական անգամ անմասն չի մնում արդի աշխարհի կնճռոտ հիմնախնդիրների կարգավորման գործընթացից, միևնույն ժամանակ՝ Մերձավոր Արևելքում Լիբանանին զուգահեռ այլ ձևաչափով ներկայություն ունենալ նաև Սիրիայում:

2. Ավելի խորացնել բազմադարյա պատմություն ունեցող հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները:

3. Նոր երանգներ հաղորդել Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և ՍԱՀ տարածքում մարդասիրական գործառույթներ իրականացնող այլ միջազգային դերակատարների և կազմակերպությունների հետ համագործակցությանը:

4. Համահայկական տեսանկյունից թերևս ամենակարևորը՝ կանգնել ավելի քան 7 տարի բարդագույն ճգնաժամից հյուծված հայ ազգակիցների կողքին՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով նրանց անվտանգությունը, հնարավորինս աջակցելով ու հաղորդելով հայրենիքի շունչը և այլն:

Իսկ հայկական առաքելությանը սպառնացող հնարավոր վտանգների մասին պնդումների համատեքստում պետք է նշել, որ անվտանգության տեսանկյունից շրջանը, որտեղ գործելու է մասնագետների խումբը՝ Հալեպը, հատկապես հայաշատ թաղամասերը, ավելի քան 1,5 տարի է՝ բավական անվտանգ են դարձել, ռազմական գործողությունների թատերաբեմից էականորեն հեռու են: Անվտանգային հիմնական խնդիրը կարող է առաջանալ ահաբեկչական հարձակումների հնարավորությունից, մինչդեռ պետք է հուսալ, որ այս տեսանկյունից իրենց մասնագիտական բարձրության վրա կգտնվի անվտանգությունն ապահովող անձնակազմը: Նույն համատեքստում հնարավոր խնդրիներից կարելի է մատնանշել նաև հումանիտար ականազերծման մասնագետների հնարավոր անզգուշությունը:

Իսկ ինչ վերաբերում է որևէ միջազգային դերակատարի կողմից ՀՀ հանդեպ պատժամիջոցների հնարավորությանը, ապա դրա հավանականությունը զրոյական է, քանի որ աղետալի հակամարտության հորձանուտով անցած բազմաչարչար սիրիացի ժողովրդին այսօր աջակցում է ամբողջ աշխարհը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել