«Ռեյդերի» մասին հայտարարությունը, գործողություններն ակնհայտորեն շատ մեծ վնասներ կհասցնեն. սա գրավիչ չի դարձնում մեր երկիրը ներդրողների համար և հետ կշպրտի երկրին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Ցանկացած կարգավորման ենթակա երևույթի իրավական ինստիտուցիոնալ համապատասխան ճանապարհները թողած՝ մտածում ենք, որ խիստ տոնայնությամբ կարելի է հարցեր լուծել: Նման մոտեցումը օրենքի, իրավական մոտեցման հետ աղերս չունի, պետք է աշխատել հեռու մնալ այս տիրույթից: Հիմա վարչապետը հավասարակշռությունից դուրս եկավ, ինչը չէր կարելի: Ասֆալտին պառկեցնելու հայտարարությունը չէի ասի, որ լավագույն դիմելաձևն է: Սա ոչ միայն մեր հասարակության, այլև արտաքին աշխարհի մոտ վատ վերաբերմունք կարող է առաջացնել»,- նշեց Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Իմ քայլը» դաշինքի՝ Դավթաշեն վարչական շրջանում անցկացվող հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հրապարակման մասին՝ ասել էր. «Ես այսօր պատասխանատու ասում եմ: Օլիգարխների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող «հատուկ ծառայությունները» հայտնաբերվելու են և ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են, և ես այստեղից ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել «ռեյդեր»՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին»:

Տնտեսագետի խոսքով՝ հարստությունը, հատկապես օրինական ձևով հարստացածները ցանկացած երկրի առաջ շարժվելու, հաջողության գրավականն են, իսկ տվյալ դեպքում գաղտնալսման սարքեր կարող են ձեռք բերած լինել հարուստ մարդիկ: Տարբեր գնահատականներով՝ ժամանակակից գաղտնալսման սարքերը հնարավոր է ձեռք բերել 150-200 հազար դոլարով:

«Պատմությունը ցույց է տվել, որ նման մոտեցումը («ռեյդերը») երկրի համար ունենում է վատ հետևանքներ, գրավիչ չեն դարձնում երկիրը ներդրողների համար: Մենք կենտրոնացված կառավարումից այս 28 տարիների ընթացքում, որ անցանք ազատական շուկայական հարաբերությունների, բնականաբար, բևեռացում կլիներ հարուստների և աղքատների: Բայց ցանկացած պրոցես, երևույթ, որը կապված է իշխանության համար պայքարի գործընթացի հետ, և եթե դրանով պայմանավորված մենք ուզում ենք քայլերի դիմել, դրանք շուտափույթ կարող են գնահատվել որպես վրեժխնդրություն, որոշակի հատվածին վախեցնելու ինստիտուտ»,- ասաց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանի գնահատմամբ՝ նոր կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարը դրական է, բայց կառավարությունը պետք է մտածի այլ ուղղություններով առաջընթաց գրանցելու մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել