Երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանի համար գնումների գնալը լիցքաթափվելու ամենալավ միջոցներից մեկն է: «Սիրում եմ շոփինգի գնալ նշանածիս հետ, իսկ եթե նրա հետ չի ստացվում, ընկերուհուս հետ եմ գնում, ով շատ ոճային է»: Ասում է՝ չկա մի ոճ, որ իրեն չսազի, քանի որ այդ ոճը հեշտությամբ իրենն է դարձնում: BlogNews.am-ի հետ զրույցում Տիրուհին պատմել է հագուստի նախընտրությունների, ոճի և նորաձևությանը հետևելու մասին:

«Նորաձևությունը, կարծում եմ, այն գործոններից մեկն է, որը դրդում է մարդուն քայլել ժամանակին համահունչ: Հագուկապի շնորհիվ կարող ես հասկանալ տվյալ մարդու աշխարհայացքը, հասկանալ կոմպլեքսները, ինչպես նաև հասկանալ տվյալ օրվա տրամադրությունը: Իհարկե, նորաձևությանը հետևում եմ, բայց հիվանդագին չեմ վերաբերվում դրան»,- պատմում է Տիրուհին:

Դերասանուհին նշում է, որ սիրում է տարբեր ոճերն իրար հետ համադրել. «Եթե հագնում եմ դասական, սիրում եմ այն համադրել սպորտայինի հետ: Հայկական դետալները ևս սիրում եմ ներառել իմ ոճում: Սիրում եմ ամեն օր տարբեր լինել, չեմ տեսնում ինձ կոնկրետ մի ոճում, քանի որ բոլոր ոճերն էլ իմն են: Բրենդային հագուստներ ևս սիրում եմ, բայց բրենդամոլ չեմ: Ինձ համար կարևոր է, թե որքան է դուր գալիս ինձ տվյալ հագուստը»:

Ինչ վերաբերում է գույներին, Տիրուհին դրանք հաճախ ընտրում է այնպես, որ վարսերի, մաշկի, դեմքի հետ համաշունչ լինի: Իհարկե, կարևորում է նաև ինքնավստահությունը, թե ինչպես ես մատուցում հագուստը․ «Իմ զգեստապահարանում ծիածանի բոլոր գույները կան, բայց ամենից շատ գերակշռում է վարդագույնը, որը իմ սիրելի գույներից մեկն է: Սիրում եմ գեղեցիկ հագնվել, երբ տխուր եմ լինում։ Կարող եմ գեղեցիկ հագնվել, և դրա շնորհիվ տրամադրությունս կփոխվի»:

Այն հարցին՝ որքան գումար կարող է ծախսել հագուստի վրա, պատասխանում է. «Հստակ գումարի չափ չկա, քանի որ հագուստի վրա գումար չեմ խնայում, մանավանդ սիրելիիս հագուստ գնելիս: Մի շրջան կար, երբ աշխատավարձս ստանում էի և ամբողջովին ծախսում միայն հագուստի վրա և այդպես մի քանի ամիս շարունակ: Վերջին գնումս եղել է մի քանի տաբատ, իսկ գումարի չափն արդեն չեմ հիշում»:

Հայտնի մարդկանց հագուկապը հաճախ երկրպագուների ուշադրության կենտրոնում է լինում, Տիրուհունն էլ բացառություն չէ: Դերասանուհուց հաճախ են հետաքրքրվում, թե տվյալ հագուստը որտեղից է ձեռք բերել. «Այդպիսի դեպքեր շատ են լինում, նույնիսկ շատ-շատ, բայց ես սիրով պատասխանում եմ բոլորին»:

Բարձրակրունկ կոշիկներ առօրյայում չի կրում, միայն առիթների ժամանակ և միշտ հաշվի է առնում, որ համապատասխան լինեն տվյալ առիթին. «Ունեմ սիրելի կոշիկներ, որոնք շատ անհարմար են, և լինում են դեպքեր, երբ նախապես որոշած հագուստիս հետ դրանք համահունչ են լինում, և ես հաշվի չեմ առնում այն փաստը, որ ցավեցնում են: Իհարկե, դեռ այնպիսի դեպք չի գրանցվել, որ կոշիկիս կրունկը կոտրվի, բայց ես սիրում եմ արկածային և տարբերվող իրավիճակներ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել