168.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորում է գնալ սիրո և համերաշխության ճանապարհով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վ.Բաղդասարյանը հայտարարեց, թե չէր ցանկացա, որ իր երկրի վարչապետը նման տոնով և նման ոճով խոսեր իր ժողովրդի հետ:

«Հայտարարություններով կամ նման ձևերով ինչ-որ գումարներ կամ ընդհանրապես որևէ գումար չեն առգրավում: Դրա համար կան համապատասխան մարմիններ, կա դատարան: Եթե կան նման երևույթներ, դատական կարգով պետք է լուծել»,- ասաց Վ. Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Ն.Փաշինյանի կողմից ժամանակ տալու հանգամանքին, որպեսզի նրանք գումարները բյուջե վերադարձնեն:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն անթույլատրելի որակեց Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ հավանաբար Ալիևի հետ պայմանավորվել են, որ Ադրբեջանը մարտի 1-ի օրերին չհարձակվի, երբ Ռոբերտ Քոչարյանը «զորքը սահմանից բերել էր Երևան և հանել ժողովրդի դեմ»:

Ըստ նրա՝ խոսքը նախաքննության գաղտնիքի մասին է. «Պետք չէ հրապարակային ինչ-որ բաներ հայտարարել, որոնց հիմնավորումները չկան: Ընդհանուր առմամբ, շատ տհաճ երևույթ է, որ նման ձևերով մենք հանրությանը տրամադրում ենք իրար դեմ՝ մեկը մյուսի դեմ հանելով: Դուք նկատի ունեցեք, որ բարեկամությունը, ընկերությունը դադարեցնելը դա մի քանի վայրկյանի հարց է, իսկ թշնամությունը դադարեցնելը՝ տասնյակ տարիների: Մենք պետք է գնանք սիրո և համերաշխության ճանապարհով»:

Վ.Բաղդասարյանի կարծիքով՝ պետք է օգնել վարչապետին՝ այս իրավիճակին հանգիստ լուծում տալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել