Եթե անընդհատ շոկոլադ ուտելու ցանկություն ունեք, անհանգստացնում են մկանային սպազմերը, քնի հետ կապված խնդիրները, ամենայն հավանականությամբ, օրգանիզմին չի բավականացնում այս հանքանյութի մակարդակը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս հանքանյութն օրգանիզմում մի շարք գործառույթների է մասնակցում, անհրաժեշտ է դրա նորմալ աշխատանքի համար:

Մագնիումի մակարդակն օրգանիզմին սովորաբար չի բավարարում թերի սնուցման պատճառով: Դրա վրա կարող են ազդել նաև նյութափոխանակության հետ կապված և այլ առողջական խնդիրներ: Կայքի հաղորդմամբ՝ օրգանիզմում նկատվում են հետևյալ նշանները, երբ մագնիումի մակարդակը նորմայից ցածր է:

Ջղաձգումներ, մկանային սպազմեր, որոնք հատկապես նկատվում են գիշերային ժամերին: Մկանային սպազմերից ազատվելու համար հարկավոր է կարգավորել մագնիումի մակարդակն օրգանիզմում:

Քնի հետ կապված խնդիրներ: Շատերն են բողոքում քնի հետ կապված խնդիրներից: Քանի որ մագնիումը կարևոր նշանակություն ունի կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի համար, դրա անբավարար մակարդակը կարող է անքնության, քնի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ:

Շոկոլադ ուտելու անհագ ցանկություն: Դառը շոկոլադը հարուստ է մագնիումով: Դա է պատճառը, որ այս հանքային նյութի անբավարար մակարդակի դեպքում կարող եք շոկոլադ ուտելու ցանկություն ունենալ:

Անհանգստություն: Մագնիումն օգնում է հանգստանալ, թուլանալ: Անհանգստության զգացումը կարող է վկայել այն մասին, որ մագնիումի մակարդակը նորմայից ցածր է. այս հանքանյութի անբավարարությունն ազդում է նյարդային համակարգի վրա:

Փորկապություն: Քրոնիկական փորկապությունը ևս կարող է այս խնդրի հետևանք լինել:

Առիթմիա: Մագնիումն անհրաժեշտ է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար: Երբ մագնիումի մակարդակը չի բավարարում, սիրտը դժվարությամբ է կատարում աշխատանքը, ինչի արդյունքում կարող է առիթմիա նկատվել:

Զարկերակային բարձր ճնշում: Մագնիումն օգնում է արյունատար անոթների թուլացմանը: Դրա մակարդակի նվազումը կարող է զարկերակային ճնշման բարձրացման պատճառ դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել