ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի և մամուլի ասուլիսի հետ:

«Ինչպես հայտնի է, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1-ի» գործին վերաբերող հարցերի, մասնավորապես` ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ: Այս զրույցների մանրամասները հայտնի են բոլորին, և կարիք չկա վերաշարադրելու դրանք:

Հեռախոսազրույցների բովանդակությունը գալիս է փաստելու մի քանի կարևոր հանգամանք, որի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք: Դրանք են.

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը սրանում կասկածի տեղ չի թողնում:

Դատելով ձայնագրությունից՝ ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել «Մարտի 1-ի» գործը և գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել (զրուցակիցների բառապաշարով` «փակել») նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է:

Առաջին ատյանի դատավորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնվել է իշխանական բիրտ ճնշման ներքո և իրեն վերևից թելադրված «դուխով» ապօրինի որոշում է կայացրել:

ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. նախ` ՀՔԾ պետն է համաձայնեցրել (կալանք), իսկ այնուհետ` ԱԱԾ պետը (գրավ):

Կատարվածը հանցագործություն է` բարձրաստիճան պաշտոնյաների մասնակ­ցու­­թյամբ: Հեռախոսազրույցների հրապարակմանը հետևած ՀՀ վարչապետի, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի ասուլիսում արված հայտարարություն­ները մեծապես ոչ այլ ինչ են, քան անհաջող արդարացումներ: Հեռախոսազրույցների խայտառակ բովանդակու­թյու­նը մեկնաբանությունների կարիք չունի, ու զրույցներն այն մասին, թե «չար ուժերը» փորձում են նման ձայնագրություններ տարածելով խոչընդոտել «բարի ուժերի» հերոսական պայքարը կոռուպցիայի և հանցավորու­թյան դեմ, տվյալ համատեքստում պարզապես զավեշտալի են: Կարևոր է ընդգծել, որ այս հեռախոսազրույցները բացահայտում են ոչ միայն ինչ-որ մի կոնկրետ գործին առնչվող դրվագ, այլև գործող ռեժիմի բուն էությունը, օրվա իշխանության իրական դեմքը: Մարդիկ, որոնք առավոտից երեկո գոռում-գոչում են սիրո և հանդուրժողա­կանության ու արդարադատության մեջ չմիջամտելու մասին, անում են ճիշտ հակառակը` մոլորեցնելով ու խաբելով հասարակությանը: Մարդիկ, որոնք առավոտից երեկո խոսում են ժողովրդավարու­թյան մասին, ամենակոպիտ ձևով ճնշում են ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները:

Հարկ ենք համարում ընդգծել նաև հետևյալը․ վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ելույթներից պարզ է դառնում, որ, տեսնելով, որ շինծու գործի միջոցով հնարավոր չէ կալանվորել և հետապնդման ենթարկել նախագահ Քոչարյանին` հեռացնելով նրան քաղաքական դաշտից, ինչպես նաև համոզվելով, որ ապօրինի հարստացման և առասպելական ունեցվածքի մասին խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում, իշխանությունները նոր միջոցի են դիմում` հայտարարելով, թե Քոչարյանների ընտանիքը փողերի լվացմամբ է զբաղվել: Թե ինչ արժեն այս հայտարարությունները, որ արված են հայտնի հեռախոսազրույցների մասնակիցների կողմից, առաջարկում ենք՝ որոշի հանրությունը: Սակայն ակնհայտ է, որ նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները շարունակվում են և նոր շրջան են մտնում:

Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կերպով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչա­կան շղարշը և թույլ չտալ, որ Հայաստանը ժողովրդավարական երկրից վերած­վի ամբոխավարական ձախողված պետության, որը կառավարվում է դիլետանտների կողմից բոլշևիզմի սկզբունքներով, և ուր խրախուսվում են քաղաքա­կան ռեպրեսիա­ները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել