Արվեստի գործերը կարող են գաղտնի իմաստ պարունակել, որոնք երբեմն հնարավոր է լինում վերծանել: Ձեզ ենք ներկայացնում պատմության ամենահայտնի աշխատանքները, որոնցում հնարավոր է եղել գաղտնի նշաններ հայտնաբերել:

«Մոնա Լիզա». նրա աչքերում գաղտնի կոդ կա

Որպես կանոն, «Մոնա Լիզայի» ուժը համարում են նրա ինտրիգային ժպիտը: Իտալիայի պատմաբանները հայտնաբերել են, որ մանրադիտակով Ջոկոնդայի աչքերին նայելիս կարելի է տառեր ու թվեր տեսնել:

Մասնագետները հավատացնում են, որ հազիվ նշմարվող այդ թվերն ու տառերն իրենցից ներկայացնում են «Դա Վինչիի կոդի» իրական տարբերակը. աջ աչքում տեսանելի են «LV» տառերը, որոնք, ամենայն հավանականությամբ, նկարչի անունն են խորհրդանշում: Ձախ աչքում ևս նշաններ կան, սակայն դրանք վերծանել դեռևս չի հաջողվել: Դրանք հստակորեն տեսնելը շատ դժվար է, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք «CE» կամ «B» տառերն են:

Հետին պլանի կամրջի կամարում կարելի է տեսնել 72 թիվը, որը կարող է նաև «L» տառը ու 2 թիվը լինել: Բացի դրանից՝ պատկերում տեսանելի է 149 թիվը, որը միգուցե պատկերի ստեղծման տարեթիվն է. դա Վինչին աշխատանքն արել է Միլանում 1490-ականներին:

Կարևոր է հիշելը, որ նկարն արդեն 500 տարեկան է, այնպես որ, թաքնված տառերն ու թվերն այնքան էլ հստակ ու պարզ չեն երևում:

«Խորհրդավոր ընթրիք». նկարում մաթեմատիկական ու աստղագիտական հանելուկներ և երաժշտական մեղեդի է թաքնված

«Խորհրդավոր ընթրիքը» շատ ենթադրությունների տեղիք է տվել ուսումնասիրողներին, քանի որ նրանք կարծում են, որ նկարում գաղտնի գրություններ կան:

Սլավիսա Պեշին, ով տեղեկատվական տեխնոլոգ է, հետաքրքիր տեսողական էֆեկտի է հանգել՝ պատկերի կիսաթափանցիկ հայելային տարբերակը բնապատկերի վրա դնելով: Արդյունքում սեղանի երկու ծայրերին նմանատիպ կերպարենրի պատկերներ են հայտնվել, իսկ Հիսուսի ձախ կողմում տեսանելի է դարձել ևս մեկ մարդ, ով, ամենայն հավանականությամբ, կին է՝ նորածինը ձեռքին:

Իտալացի երաժիշտ Ջովաննի Մարիա Պալան ապացուցել է, որ ձեռքերի ու հացի դիրքը կարելի է տեսնել որպես երաժշտական մեղեդու նոտաներ, և եթե աջից ձախ կարդանք, ապա իսկապես երաժշտական կոմպոզիցիա կստանանք:

Վատիկանից հետազոտող Սաբրինա Սֆորցա Գալիցիան հայտնել է, որ վերծանել է «մաթեմատիկական ու աստղագիտական» հանելուկ: Ըստ նրա՝ նկարիչը համաշխարհային ջրհեղեղ է կանխատեսել, որը 4006 թվականի մարտի 21-ին կսկսվի ու կավարտվի նույն թվականի նոյեմբերի 1-ին:

«Ադամի արարումը». ենթագիտակցության աստվածային ծագումը

Միքելանջելոյի «Ադամի արարումը» հայտնի է ոչ միայն նրանով, որ Սիքստինյան կապելլայի ամենահայտնի կտավներից է, այլև նրանով, որ այն ամենախորհրդանշականներից մեկն է պատմության մեջ:

Միքելանջելոն համարվում է իտալական Վերածննդի ամենահզոր նկարիչներից ու քանդակագործներից մեկը, սակայն այնքան էլ տարածված չէ այն տեղեկությունը, որ նա անատոմիա է ուսումնասիրել ու 17 տարեկանում դիակներ է հերձել եկեղեցու գերեզմանոցում:

Նեյրոանատոմիայի ամերիկացի մասնագետները կարծում են, որ Միքելանջելոն իսկապես իր անատոմիական գիտելիքներն է կիրառել Սիքստինյան կապելլայի կտավները ստեղծելիս:

Չնայած որ շատերը սա կարող են զուգադիպություն համարել, սակայն մասնագետները համարում են, որ սա հատուկ է արված. կտավի վրա կարելի է տեսնել ուղեղի այնպիսի բարդ հատվածների պատկերներ, ինչպիսիք են ուղեղիկը, տեսողական նյարդն ու հիպոֆիզը:

Սիքստինյան կապելլայի կտավները. դրանցից մի քանիսի վրա մարդկային ուղեղի հատվածների պատկերներ կնկատեք

Ինչպես և «Ադամի արարում»-ում, այնպես էլ Սիքստինյան կապելլայի մի շարք այլ կտավներում գաղտնի հաղորդագրություններ կան:

Մասնագետները նկատել են, որ բոլոր կտավներում Աստծո կուրծքն ու ուսը անատոմիապես շեղված են, իսկ մարդկանց մոտ նման շեղումներ չկան: Բացի դրանից՝ միայն Աստծո ուսերին արեգակի ճառագայթներն ընկնում են ուղիղ անկյան տակ։ Ուսումնասիրողները եկել են ենթադրության, որ նման անճշտություն հանճարը հատուկ է թույլ տվել:

Եթե Աստծո տարօրինակ ուսի լուսանկարը դնենք մարդու ուղեղի պատկերի վրա, ապա նկատելի կդառնա, որ երկու պատկերների սահմանագծերը գրեթե ամբողջությամբ համընկնում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել