Armlur.am-ը գրում է.

Ժամանակակից աշխարհում, երբ ինֆորմացիայի փոխանակումը կետային մեկնարկից ցանցային տարածում է ստանում, մի տեսակ դժվարացել է պրոֆեսիոնալ լրատվամիջոցների գործունեությունը: Այս հրապարակումով ցանկանում ենք լրատվական դաշտին առնչվող մի քանի խնդիրների մասին բարձրաձայնել, որոնք եղել են, շարունակում են ահագնանալ, ու եթե որեւէ քայլ չարվի, առավել դժվար կացություն են ստեղծելու ինչպես լրագրողների, այնպես էլ հասարակության մյուս շերտերի ներկայացուցիչների համար: Համացանցը, ինչ խոսք, լավ հնարավորություն է լուր տարածելու համար: Բայց այսօրվա իրավիճակում այն մի տեսակ հիշեցնում է թաղային տաղավարները, որտեղ արեւածաղիկի շուրջ տարածվում են լուրեր, որոնց ծագումնաբանության մոտիվացիաները երբեմն խիստ կասկածելի են: Եւ այս իրավիճակում ամենավատն այն է, որ անհայտ մոտիվացիաներով լուրերի տարածմանը օգնում են օրեցօր սնկի պես աճող կայքերը: Դրանք դարձել են լուր տարածելու յուրօրինակ հարթակներ, որպեսզի առավել լրջություն հաղորդվի «ստեղծագործությանը»: Բայց այդ կայքերը ամենեւին էլ լրատվամիջոցներ չեն, ուղղակի լրատվական դաշտը ապականող մարդկանց մի խումբ է, որոնց գործունեությունից տուժում են իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարող լրագրողները: Պրոֆեսիոնալ լրագրողներն ինֆորմացիա ստանալուց հետո տարբեր խողովակներով ճշտում են այն, մեկնաբանություններ ստանում, ինչը ժամանակի կորուստ է, ու հաճախ այն լուրը, որի վրա աշխատում են լրագրողները, առանց ճշտելու, այսպես ասած, կիսաֆաբրիկատ ձեւով մատուցվում է հասարակությանը ինչ-որ ստատուսի միջոցով կամ ֆեյք կայքի կողմից: Բնականաբար, աշխատանքը ջուրն է ընկնում: Իսկ ինչ վերաբերում է այն անձին կամ անձանց, ում առնչվում է ինֆորմացիան, հաճախ նրանք չեն կարողանում գտնել իրենց մասին գրվածի սկզբնաղբյուրը, քանի որ կեղծ էջից է գրվել կամ անհասցե մի կայքում, որին հարկ չեն համարում անդրադառնալ: Իսկ եթե իրական լրագրողը նման բան անի, անմիջապես կդառնա թիրախ` ընդհուպ մինչեւ դատական քաշքշուկների մեջ ընկնելով: 

Իհարկե, սարքովի ստատուսներ գրելն ու բլոգային կայքերում տեղադրելը նոր ավանդույթ չէ, դեռ նախկին իշխանության օրոք էր կիրառվում այդ գործիքը` անցանկալի հակառակորդներին ոչնչացնելու համար: Բայց փաստ է, որ ե՛ւ նախկինում, ե՛ւ այսօր քաղաքացին մեր երկրում անպաշտպան է. տարածվում է տեղեկություն, մարդը վարկաբեկվում է, բայց հասցեատեր չկա, որ պատասխանատվության հարց բարձրացվի:

Կեղծ օղակի շրջապտույտ է: Վերջին օրերին շատ է խոսվում, որ այս կամ այն գործիչը կեղծ կայքեր ու ֆեյսբուքյան ֆեյք էջեր ունի, գործունեություն է ծավալում: Բայց եթե դաշտը պարարտ չլինի, որեւէ մեկն էլ չի գնա նման գայթակության, այլ առնվազն կգնի գործող ԶԼՄ-ներից մեկը կամ նորը կբացի` հայտարարելով, որ ինքը կուսակցական կամ քաղաքական կոնկրետ ուղղվածությունն ունի ու կսկսի աշխատել: Կկարդա՞ն մարդիկ, ուրեմն լավ են աշխատում, չե՞ն կարդա, թող մտածեն: Բայց թացը չորից պիտի տարբերակվի ի վերջո: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել