Առաջին ալիքի աշնանային նոր եթերաշրջանում լրատվականն ունի նոր անուն ու նոր հաղորդավարներ: Օրական չորս անգամ երկրի գլխավոր նորությունները ներկայացնելու են Մամիկոն Սիմոնյանը, Մերի Ներսիսյանը, Դավիթ Գրիգորյանը և Էսթեր Մեսրոպյանը: Սիրված մեկնաբաններ Աբրահամ Գասպարյանը և Քրիստինե Մելքոնյանը կներկայանան ուրիշ ձևաչափով: Երեկ Դավիթի առաջին աշխատանքային օրն է եղել: Չի թաքցնում՝ հուզմունք կար, բայց դա ոչ թե  եթեր դուրս գալով էր պայմանավորված, այլ՝ սպասումներն արդարացնելու: BlogNews.am-ի հետ զրույցում Դավիթը պատմել է նոր աշխատանքի, լրատվական ոլորտում իր ձեռագիրը թողնելու և սկզբունքների մասին:

Դավիթ Գրիգորյանին հեռուստադիտողը մեծամասամբ ճանաչում է որպես դերասանի, սակայն քչերը գիտեն, որ նա նաև լրագրող է. «Լրագրողական կյանքս սկսել եմ, երբ դեռ 15 տարեկան էի: Կրկին մրցույթով հաղթահարեցի մի ծրագիր ու այդ պահից ի վեր ես անբաժան եմ եղել լրատվությունից: Սկզբում Հանրայինի եթերում մանկական հեռուստահաղորդման մեկնաբան էի ու լրագրող, ապա՝ ԶՈւ-ում՝ «Զինուժի» լրագրող, զորացրվելուց հետո էլ զուգահեռաբար աշխատել եմ Ոստիկանության լրատվության վարչությունում, մի շարք մասնավոր հեռուստաընկերություններում ու առանձին նախագծերում: Լրագրողական վերջին հանգրվանս Գերմանիայում էր, որտեղ WTV ծառայության թղթակից էի»:

Դավիթի խոսքով՝ արդեն հասունացել էր պահը՝ վերադառնալու այնտեղ, որտեղից տարիներ առաջ սկսել էր. «Լրատվությունից երբեք չեմ հեռացել, պարզապես եղել է շրջան՝ մոտ երկու տարի, երբ բուն լրագրությամբ չեմ զբաղվել, սակայն խաղարկային գործունեությանը զուգահեռ նկարահանել եմ տեղեկատվական ֆիլմեր, հոդվածներ գրել և վիզուալ բացակայել էկրանից որպես լրագրող: Ոլորտ վերադարձի մասին որոշումս էլ հասունացել էր կարծես, ու ինքնաբերաբար, առանց երկար մտորելու ուղղակի մրցույթի մասնակցության հայտ ներկայացրի»:

FB_IMG_1536156939983

Դավիթն առաջին աշխատաքային օրը հուզմունք, իհարկե, ունեցել է, սակայն դա բացատրում է նրանով, որ  վախենում է՝ սպասումները չարդարացնի. «Հուզմունք կար, սակայն հուզմունքը եթեր մտնելու հետ չէր կապված, այլ երևի թե սպասումներն արդարացնելու: Առաջին հերթին իմ անձի հետ կապված սպասումները, ապա՝ նաև մարդկանց, ովքեր վստահել են ինձ այդ աշխատանքը: Ի վերջո, այն տաղավարը, որտեղ պիտի աշխատեմ, մտել են հայկական հեռուստատեսության պատմության այնպիսի լեգենդներ, ինչպիսին է, օրինակ, Նառա Շլեպչյանը: Մեր առջև դրված սանղդակը բարձր է, և այդ սանդղակի հետ պետք է հաշվի նստենք»:

Մեր այն հարցին՝ արդյոք մտավախություն չկա՞, որ մարդիկ իրեն կարող են որպես մեկնաբան չընկալել, քանի որ Դավիթին վերջին շրջանում տեսել են հիմնականում սերիալներում, պատասխանեց. «Հեռուստադիտողը չի ընկալում քո ներկա կամ նախկին կարգավիճակը, նա գնահատում է քո աշխատանքի որակը: Այսպես, եթե ես հաջողել եմ որպես դերասան՝ չունենալով համապատասխան կրթություն (գնահատականն, իհարկե, ես չէ, որ պիտի տամ), կարծում եմ, որ բավարար ջանք գործադրելով, աշխատելով ու թրծվելով, կարող եմ դուր գալ լսարանին նաև որպես մեկնաբան: Հույս ունեմ, որ դերասանական իմ գործունեությունից հետո հեռուստադիտողը կմտաբերի իմ լրատվական գործունեությունն ու կարճ ժամանակահատվածում կընդունի ինձ իմ նոր կարգավիճակում»:

FB_IMG_1536156903923

Դավիթի խոսքով՝ իր մեջ առաջին հերթին լրագրողն է ապրում. «Անկասկած ու աներկբա է, Դավիթն ավելի շատ լրագրող է, քան դերասան կամ երաժիշտ, պրոդյուսեր կամ PR մասնագետ (նշելով այն ամենն, ինչ սովորել է բուհերում)»:

Դավիթը ոլորտում իր ձեռագիրը թողնելու համար որդեգրել է որոշակի սկզբունքներ ու աշխատելաոճ, որին փորձելու է հնարավորինս հավատարիմ մնալ. «Մեկնաբանի միակ ու անկրկնելի ձեռագիրն օբյեկտիվությունն է: Դու կարող ես ունենալ սեփական կարծիք, տեսակետ, աշխարհընկալում, սակայն ոչ մի դեպքում չպիտի խառնես այն հանրությանը տրամադրելիք տեղեկատվության հետ: Ձեռագիրս կխարսխվի օբյեկտիվության, անկեղծության ու լսարանի վստահության վրա: Ինձ կարող են հիշել ու հավատալ միայն այն դեպքում, երբ լսեն խոսքիս մեջ արժանահավատություն և ճշմարտություն, իսկ դա ինձ համար բարձր արժեք է»,- եզրափակեց Դավիթը:

FB_IMG_1535978118125
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել