Armsport.am-ը գրում է.

Սովետական և ռուս հայտնի մարզական մեկնաբան Գրիգորի Տվալտվաձեն մեկնաբանել է այն, որ Հայաստանի ձյուդոյի հավաքականը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը` չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը 2015 թվականին մասնակցել է Եվրոպական խաղերին Ադրբեջանում:

«Երբ անցկացվում էին առաջին Եվրոպական խաղերը, նույնպես կոնֆլիկտ եղավ, երբ ադրբեջանական կողմը Բելառուսի գեղարվեստական մարմնամարզության հավաքականից պահանջեց փոխել երաժշտությունը, քանի որ դրա հեղինակն Արամ Խաչատրյանն էր:

Այսինքն, այդ խաղերին ամեն ինչ այնքան էլ հարթ չէր»,- Տվալտվաձեի խոսքերն է փոխանցում РУСАРМИНФО-ն:

2015 թվականին Բաքվում կայացած Եվրոպական խաղերն Ադրբեջանում կազմակերպված առաջին մարզական մրցումներն էին, որին հայ մարզիկները մասնակցել են:  Ամբողջ ընթացքում մրցավարությունը հայ մարզիկների նկատմամբ գործել է անարդարացի: Արդյունքում ունեցել ենք մեկ արծաթե մեդալ. այն նվաճել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք` ձյուդոյի աշխարհի առաջնությունը կկայանա սեպտեմբերի 20-ից 27-ը Ադրբեջանի մայրաքաղաքում: Հայաստանի ձյուդոյի հավաքականը հրաժարվել է մասնակցել մրցաշարին, քանի որ ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել