Yerkir.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրեց կառավարության որոշման փոփոխություն, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 2018թ հոկտեմբերի 1-ից սկսած 50 հազարից կդառնա 150 հազար դրամ: Ներկայացվող նախագիծը միտված է այն ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, որոնք պատրաստվում են ունենալ 2-րդ երեխան:

Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին: Վարչապետ Փաշինյանը կատակեց այս թեմայով, դիմելով պաշտպանության նախարար դավիթ Տոնոյանին. «Ձեր աչքերում ես կարդացի, որ կողմ եք հատկապես երկրորդ տղա երեխաների ծնվելուն, և որ նրանք շուտ դառնան 18 տարեկան»:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ ինքը առավել կարևորում է երրորդ ու չորրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստը ավելացնելու հարցը: Փաշինյանը նորից կատակեց. «Մի այսպիսի տեխնիկական հարց կա, առանց երկրորդ երեխայի, երրորդ ու չորրորդ չի կարող ծնվել»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե որտեղից են հատկացնելու այդ գումարները: Թանդիլյանը նշեց, որ գումարը նույն ծրագրից է` երեխայի ծննդյան միանվագ նպաստի ծրագրից, պարզապես այս ծրագրում խնայողություն է առաջացել, քանի որ ծնդունդների թիվն է նվազել: Առողջապահության նախարարը հավելեց, որ կա տենդենց ծնունդների անկման, այս տարին 3000-ով ավելի պակաս են ծնվել, քան նախորդ տարին, և այս որոշումը կխթանի ծնունդների աճին: Որոշման հաստատումը հետաձգվեց` տեխնիկական որոշ հարցերի պատճառով: Վերջում վարչապետը հավելեց. «Մեզ համար իսկապես կարևոր է ծնելիության բումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել