Yerkir.am-ը գրում է.

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու հայտարարությանը:

Փաշինյանը մտավախություն ունի, որ ՀՀԿ-ն վարչապետի հրաժարականից հետո կգնա նոր վարչապետի ընտրությունների, ուստի ցանկանում է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որպեսզի ԱԺ-ն ինքնալուծարվի:

Կոստանյանը նախ նշեց, որ ՀՀԿ խմբակցությունը դեռ քաղաքական հայտարարություն չի տարածել, որ խուսափում է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից, ապա հավելեց, որ խորհրդարանն այսօր ունի առաջնային մանդատ:

«Ինչ վերաբերում է ինքնալուծարմանը, պետք է ասեմ, որ խորհրդարանն այսօր ունի առաջնային մանդատ, այսինքն` ընտրվում է ժողովրդի կողմից: Հետևաբար` խորհրդարանն ունի պաշտպանվածության որոշակի մակարդակներ՝ ըստ սահմանադրական իրավունքի: Պառլամենտները, որպես կանոն, գնում են ցրման անգործունակության պատճառով: Այսինքն՝ պառալամենտը ունակ չէ կատարել իր ֆունկցիաները»,- ասաց Կոստանյանը:

Նա հրաժարվեց խորհրդարանն ինքնալուծարելու քաղաքական գնահատականները մեկնաբանել, նաև նշեց, որ իրավական հիմքերի կողմնակիցն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել