Սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրն աշխարհի բազմաթիվ երկրներում սկսում են դասերը։ Այդպես է նաև Չինաստանի որոշ դպրոցներում և նախակրթարաններում։

Այս տարի էլ սեպտեմբերի 3-ին Սինշահուիի նախակրթարանում հարյուրավոր երեխաներ էին հավաքվել իրենց ծնողների հետ՝ տոնախմբությամբ ազդարարելու ուսումնական տարվա մեկնարկը։ Ի տարբերություն մյուս տարիների՝ նախակրթարանի այս տարվա տոնախմբությունը յուրօրինակ էր․ այս անգամ երեխաների առջև մերկապարային ելույթով է հանդես եկել մի պարուհի։

Մերկապարը տեսանկարահանել են բազմաթիվ ծնողներ և տարածել սոցցանցերով՝ արտահայտելով իրենց դժգոհությունն ու բարկությունը։ Այս անսովոր դեպքը գրավել է նաև Չինաստանի իշխանությունների ուշադրությունը․ վերջիններս արձանագրել են, որ նման բաներն իրենց մոտ ընդունված չեն, իսկ տոնախմբությունների ժամանակ սովորաբար տնօրենը բացման կամ ողջույնի խոսք է հղում սաներին և այդքանը։

Նախակրթարանի տնօրենը՝ Լայի Ռոգը, նշել է․ «Երեխաների միտքը մաքուր է, նրանք ելույթի մասին ոչ մի այլ մտքեր չէին կարող ունենալ։ Նրանք առավելագույնը կարող էին զարմանալ, թե ինչպես է ինչ-որ մեկը կարողանում ձողի վրա այդքան սահուն կերպով սավառնել»։

Թեև տնօրենն արդեն ազատվել է աշխատանքից, այնուամենայնիվ, նա չի փոխել իր կարծիքը մանկահասակների առջև մերկապար կազմակերպելու մասին․ «Այս ամենի նպատակն էր երեխաներին ցույց տալ, որ աշխարհում տարբեր տեսակի պարեր կան»,- հավելել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել