168.am-ը գրում է.

Եվրամիության 28 երկրների մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 5-ին որոշում են ընդունել Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր: «Դեսպանները «Կորեպերի» հերթական նիստում այսօր հավանություն տվեցին անհատական սահմանափակիչ միջոցները հաջորդ վեց ամսով երկարաձգելուն»,-ասել է նա:

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, որն սպանվել է օգոստոսի 31-ին, բացառվել է սեւ ցուցակից: Այդպիսով, ԵՄ-ի պատժամիջոցները գործում են 154 ֆիզիկական անձանց եւ 44 կազմակերպությունների նկատմամբ: Դիվանագետի խոսքով՝ առաջիկա օրերին որշմանը պաշտոնապես պետք է հավանություն տա ԵՄ-ի Խորհուրդը, ինչից հետո որոշումը կհրապարակվի Եվրամիության Պաշտոնական հանդեսում եւ ուժի մեջ կմտնի:

Ներկայում Ռուսաստանի նկատմամբ գործում են պատժամիջոցների մի քանի փաթեթներ՝ տնտեսական, անհատական, սահմանափակիչ միջոցներ եւ պատժամիջոցներ Ղրիմի գծով: Վերջինը պատժամիջոցների փաթեթ է Ղրիմի նկատմամբ, որի հետ եվրոպական բիզնեսին արգելված է որեւիցե կապ պահպանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել