LEGGO. մանկական անկեղծ սիրո մասին՝ մանկան շուրթերով: 9-ամյա Վովան իր զգացմունքների մասին որոշել է այլևս չլռել, ամբողջ ուժով գոռալ ու պատմել աշխարհին իր առաջին սիրո երգը, որով էլ պայքարելու է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնելու համար: Սեպտեմբերի 1-ին փոքրիկ երգչի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի շնորհանդեսն էր: Վովայի աշխատանքն առաջինը դիտելու հնարավորություն է ունեցել նաև BlogNews.am-ը: Ներկայացնում ենք միջոցառման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:

«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից Վովային՝ Վլադիմիր Հովհաննիսյանին, հանդիսատեսը կհիշի «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլից, որտեղ նա մարմնավորում էր Բեթհովենին։ Վովան երաժշտությամբ զբաղվել սկսել է 6 տարեկանից, 7 տարեկանում ընդունվել է Երգի պետական թատրոն՝ Արթուր Գրիգորիչի մոտ։ Նրա մրցութային «LEGGO» երգի երաժշտությունն ու գործիքավորումը Մարտին Միրզոյանինն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն ու սպասվող բեմադրության հեղինակն Արամայիս Հայրապետյանն է, պարուսույցը՝ Քրիստինա Հովակիմյանը, Վովայի look-երի հեղինակը Դիանա Շատվերյանն է:

516Գունեղ մանկական տեսահոլովակը նկարահանվել է մեկ կադրով, ինչն, ըստ ռեժիսորի, ունի իր բարդություններն ու մեծ ջանքեր է պահանջել ստեղծագործական թիմից. «Շատ դժվար է երեխաների հետ աշխատելը, քանի որ պետք է կարողանաս ուժերդ ներդնես, որ նրանք լսեն քեզ ու միաժամանակ անեն այն, ինչն այդ պահին ուզում ես: Ամեն մեկի սխալվելուց կադրը կարող է փչանալ՝ բարդացնելով տեխնիկական անձնակազմի և արտիստների աշխատանքը: Նկարահանումն իրականացրել ենք մեկ գիշերում»,- ասում է Արամայիսն ու հավելում, որ հիմնական շեշտադրումը ոչ թե կադրերի կամ երգի վրա է արված, այլ երկուսը միասին սինխրոնացված են. «Վովայի հետ հեշտ էր աշխատելը, որովհետև խարիզմատիկ երեխա է, այդ իսկ պատճառով էլ մտածեցինք հենց մի կադրով նկարել, որ Վովայի թե՛ դերասանական, թե՛ պարային ունակություններն ամբողջությամբ կարողանայինք ցույց տալ: Ամեն մեկս մեր մասնագիտությունը չենք ցանկացել ընդգծել այդ գործով: Առաջնային պլանում եղել է երեխան: Հուսով եմ՝ հանդիսատեսը կհավանի տեսահոլովակը»:

1317Թեև երգը մանկական սիրո մասին է, սակայն Վովան պնդում է, որ դեռ չի  ճաշակել սիրահարված լինելու հաճույքը. «Երգը կոնկրետ հասցեատեր չունի։ Փորձել եմ պատկերացնել, որ մեկին սիրում եմ, ու այդպես անկեղծ է ստացվել իմ կատարումը»,- նշում է Վովան և ավելացնում, որ «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելն իր երազանքն է եղել  ու մրցույթին պատրաստվելու է ամենայն պատասխանատվությամբ:

Վովայի տեսահոլովակի շնորհանդեսին ներկա էին ինչպես իր տարեկից ընկերները, այնպես էլ հայկական շոու-բիզնեսի մի շարք արտիստներ՝ Մանո Գրիգորյանը՝ դուստրերի հետ, Լուիզա Ներսիսյանն ու Լիլիթիկը, Մանե Գրիգորյանը՝ դստեր հետ, լեգենդար ջազմեն Լևոն Մալխասյանը, Դիանա Շատվերյանը, Արսեն Գրիգորյանը, Անդոն և Ռաֆոն, Լիդուշիկը և այլք։

Ներկաներին տպավորել էր Վովայի առաջին աշխատանքը: Նրանք շնորհավորական խոսքեր հղեցին փոքրիկ երգչին ու մեծ բեմեր ցանկացան:

15141819122021984321

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել