Ամերիկացի գիտնականները մշակել են AT-121 ցավազրկողը, որն ավելի ուժեղ է մորֆինից, կախվածություն և վտանգավոր կողմնակի ազդեցություններ չի առաջանցնում: Այս մասին հայտնել է Science Alert հրատարակությունը:

Հետազոտողները հուսով են, որ պատրաստուկը կօգնի կրճատել այն մահերի թիվը, որոնք պայմանավորված են ցավազրկող դեղերից ունեցած կախվածությամբ և դրանց գերդոզավորմամբ:

2012-ին միայն ԱՄՆ-ում ափիոնային ցավազրկողների գործածության պատճառով ավելի քան 16 հազար մարդ է մահացել:

Մակակա-ռեզուսների մասնակցությամբ փորձարկումները ցույց են տվել, որ AT-121-ը մորֆինի նման ցավազրկող ազդեցություն է գործում՝ ունենալով սովորականից հարյուր անգամ ավելի պակաս խտություն: Դեռ ավելին, պատրաստուկն ունակ է նվազեցնելու կենդանիների կախվածության մակարդակն օքսիկոդոնից՝ կիսասինթետիկ ափիոնային ալկալոիդից: AT-121-ի բարձր դոզաները շնչառության ճնշում և սիրտ-անոթային համակարգի խանգարումներ չեն առաջացրել:

Գիտնականները հուսով են, որ արդյունքները կհաստատվեն հետագա փորձարկումների ընթացքում, որոնք կանցկացվեն արդեն մարդկանց մասնակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել