Պուտինի շնորհավորանքը շարունակությունն է այն հարցազրույցի, որը տրված է ՌԴ-ին պատկանող ազդեցիկ ռեսուրսով։ Այս պրոցեսի անկյունաքարը ոչ Մարտի 1-ի թեման է, ոչ էլ ինչ-որ այլ սիտուատիվ դրվագ։ Այս հարցազրույցում Քոչարյանը մաքսիմալ հստակ դիրքորոշեց իրեն որպես Հայաստանի՝ պրոռուսական օրիենտացիայի ջատագով ու առաջամարտիկ, իսկ Պուտինի շնորհավորանքը Քոչարյանին այդ ստատուսի լեգիտիմացումն էր։

Ասել է, թե՝ Ռուսաստանը սատարում է հիմա Քոչարյանին, իսկ քանի որ Քոչարյանն անթաքույց դիրքավորվում է որպես Նիկոլ Փաշինյանի ինստիտուցիոնալ ընդդիմության լոկոմոտիվ, կարելի է եզրակացնել, որ սա նաև նշանակում է, որ Ռուսաստանը հստակ քաղաքական մեսիջ է ուղարկում, որ այլևս չի դիտարկում գործող իշխանություններին որպես ցանկալի գործընկեր։

Մի շտապեք շատ ուրախանալ ու ոգևորվել այս զարգացումից՝ անկախ նրանից, թե որքանով եք սատարում Քոչարյանին կամ էլ որքանով եք դեմ գործող իշխանություններին։ Սա առաջին հերթին նշանակում է արտաքին քաղաքական ռիսկերի ահագնացում՝ մի կողմից և ներքին ցնցումների հավանականության աճ՝ մյուս կողմից։ Նման զարգացումները նշանակում են, որ Ռուսաստանն առնվազն լուրջ մտավախություններ ունի, որ, ի հեճուկս բազմաթիվ հավաստիացումների, արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձն անխուսափելի է, իսկ առավելագույնը՝ որ դրանք արդեն սկսվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել