Շատ յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել Շանթ Հարությունյանի հարցի շուրջ, ու այդ իրավիճակի բարդացումների պատասխանատվությունն իշխանությունների վրա է լինելու ու անձամբ Փաշինյանի։

Տեսեք, թե ինչ ցուգցվանգի մեջ է հայտվել Փաշինյանը միտինգային հարթակներից կենացներ ասելու հետևանքով․ Շանթ Հարությունյանը պահանջում է ոչ թե զուտ ազատ արձակում, այլ կոնկրետ արդարացման դատավճիռ, իսկ Շանթի տղեն էլ հրապարակայնորեն ասում է, որ, Նիկոլ ջան, դու չէի՞ր ապրիլ-մայիսին հորս անունն անընդհատ տալիս, երբ խոսում էիր քաղբանտարկյալների մասին։

Իրավական առումով Շանթի պահանջն անհեթեթություն է։ Ի վերջո, կան բազմաթիվ տեսանյութեր, որոնցում պարզ երևում է, թե կոնկրետ ինչու ու ինչ հոդվածներով պետք է նստեր Շանթ Հարությունյանը։ Կարելի է երկար քննարկել, թե որքանով էր արդար սահմանված պատժի չափը, բայց ոչ մի ողջամիտ մարդ չի կարող համաձայնվել Շահեն Հարությունյանի հետ, որ իր հայրը ոչ մի հանցանք չի գործել։

Քաղաքական առումով Շանթի պահանջը միանգամայն արդարացի է, որովհետև նա ունի բոլոր պատճառները, որպեսզի չհավատա Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացումներին, որ ինքը դատարանների վրա չի ազդում։ Դա հերքվում է արդեն իսկ այն փաստով, որ Սասնա ծռերն ազատության մեջ են, ու պոլիշինելի գաղտնիք է, որ նման որոշում կարող էր կայացվել միայն ու միայն իշխանությունների առևտրից ու միջամտությունից հետո։ Շանթն էլ ասում է՝ չհասկացա, էդ ահաբեկիչ մարդասպաններին ազատել կարող ես, իսկ խուլիգանության համար նստած մարդուն արդարացման դատավճիռ կազմակերպել չե՞ս կարող։ Ու չի կարելի ասել, որ Շանթի նման հիպոթետիկ դիրքորոշման մեջ ռացիոնալ կորիզ չկա։ Ինչպես ասվում է, կպել ես, պետք է խաղաս։

Իսկ իրականում․․․ Իսկ իրականում պետք է համաձայնվենք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չէին եղել վերջին տարիներին, այլ եղել են պերսոնաժներ, որոնք, քաղաքական ակտիվ գործունեությունից զատ, նաև գործել են ծանր, միջին ծանրության ու թեթև հանցագործություններ և հայտնվել են բերդում։ Կա՛մ էլ եթե ծռերի պես ահաբեկիչները, Շանթի պես խուլիգանություն անողները, Գևորգ Սաֆարյանի պես ոստիկան քաշքշողը (հա, հա, գժուկներ, իրան ոչ ոք տոնածառի համար չէր դատել) քաղբանտարկյալ են, ուրեմն՝ պետք է քաղբանտարկյալ հռչակել Նաիրի Հունանյանին, էն ադրբեջանցի դիվերսանտներին ու ցանկացած մարդու, ով ցանկացած հանցագործություն գործելուց հետո կհայհոյի նախորդ կամ գործող իշխանություններին։

#ԿախարդականՓայտիկը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել