1980-ականների վերջին 90-ականների սկզբին ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխվում էր տարին մեկ անգամ՝ փորձելով համակերպվել նոր և արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողություններին։ ԽՍՀՄ փլուզումը ԱՄՆ-ում դեռևս անհնարին էր թվում։ Հենց այդ ժամանակ ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն ՄակՔեյնը և մի շարք սենատորներ բազմաքայլ օպերացիա մտածեցին։ ՄակՔեյնի վրա հայ համայնքը, լոբբիստներն ու առանձին գործիչներ լուրջ ազդեցություն ունեին։ Ընդհանրապես, Ռեյգանի և Բուշի վարչակազմի տարիներին հայկական լոբբինգն  իր պատմության մեջ ամենահզորն էր Վաշինգտոնում։ ՄակՔեյնի և մի քանի այլ սենատորների պլանը կայանում էր հետևյալում՝ ճանաչել Արցախը՝ որպես անկախ պետություն կամ Հայաստանի անբաժանելի մաս՝ համաձայն ժողովրդի կամարտահայտության։ Ըստ այդմ՝ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները պետք է համատեղ հայտարարություն ընդունեին, որից հետո վարչակազմն արդեն իսկ համապատասխան գործնական քայլեր կձեռնարկեր։ Հայտարարության նախագիծը ներկայացվեց 1989 թվականի նոյեմբերի 6-ին (նախագահական ընտրություններից երկու օր առաջ)։ Դա մի բացառիկ նախագիծ էր, որի ներածությունը այսպես էր շարադրված․

«ԱՄՆ Կոնգրեսն իր աջակցությունն է հայնում Սովետական Հայաստանի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ և արդար կարգավորման գործում»։

Սա առաջին քայլն էր, որից հետո վարչակազմը պետք է ճանաչեր ԼՂ անկախությունը, քանի որ, ըստ սենատորների, սա միակ տարբերակն էր խնդրի խաղաղ կարգավորման համար: Դրանից հետո դեպքերը բավականին արագ զարգացան, որոնցից մի քանիսին անդրադարձել եմ, մասնավորապես՝ Թուրքիայի ղեկավարության չափազանց հաճախ զանգերին և այցերին Վաշինգտոն։

Դրանից հետո ՄակՔեյնն այլ նախաձեռնություններով հանդես եկավ կամ աջակցեց հայկական հարցերին, այդ թվում՝ Հայաստանին տարեկան առնվազն 80 մլն ԱՄՆ դոլարի օգնության նախաձեռնությանը, մարդասիրական միջանցքի վերաբերյալ նախաձեռնությանը, 907-րդ բանաձևի ընդունմանը և մի շարք այլ հայամետ նախաձեռնություններին։

Ամենակարևոր հանգամանքներից մեկը. ՄակՔեյնը ԱՄՆ նախագահի միակ թեկնածուն էր, որ երբեք հայկական համայնքին չի խոոստացել նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը։ Ի տարբերություն Քլինթոնի, Բուշի, Օբամայի՝ նա չի խոստացել և դրժել խոստումը։ «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը, բայց դրա ընդունումը ԱՄՆ կողմից վնասելու է ԱՄՆ ազգային անվտանգությանը»,- ասում էր ՄակՔեյնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել